Հայաստանն ու Չինաստանը կարող են սերտորեն համագործակցել բարձր տեխնոլոգիաների ոլորտում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News

photo_2024-11-12_13-03-49

ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինի կարծիքով՝ Երևանն ու Պեկինը կարող են սերտ համագործակցություն ծավալել բարձր տեխնոլոգիաների ոլորտում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Չեն Մինը նման կարծիք հայտնեց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում անցկացվող «Չինաստանի արդիականացումը. Հայաստան-Չինաստան հարաբերությունները» միջազգային գիտաժողովի շրջանակներում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում՝ անդրադառնալով հայ-չինական հարաբերությունների և համագործակցության զարգացման առավել մեծ ներուժ ունեցող ոլորտներին։

«Մենք գիտենք, որ Հայաստանը ներկայում շատ է կարևորում բարձր տեխնոլոգիաների զարգացումը, և Չինաստանն այդ առումով ունի շատ առավելություններ։ Մենք նաև ուրախ ենք, որ Երևանի և Հայաստանի փողոցներում կարող ենք տեսնել Չինաստանից ներկրված էլեկտրամոբիլներ։ 

Մենք կարծում ենք, որ հենց այս համատեքստում բարձր տեխնոլոգիաների, նաև կանաչ տնտեսության ոլորտներում մենք կարող ենք շատ սերտորեն համագործակցել»,-ասաց Չեն Մինը՝ հավելելով, որ կան նաև այլ ոլորտներ, որոնք ևս կարող են դիտարկվել՝ որպես համագործակցության ուղիներ։

ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատարի դիտարկմամբ՝ այս համագործակցությունների միջոցով հնարավոր կլինի էլ ավելի բարելավել հայ և չին ժողովուրդների կենսամակարդակը։

«Մենք նաև հույս ունենք, որ չինական որակյալ կազմակերպություններն իրենց մասնակցությունը կունենան այս ոլորտներում համագործակցության հարցում»,-եզրափակեց Չեն Մինը։

--00—ՅՄ