Թրամփը փող է հաշվում, ՀՀ-ն իրեն պետք չէ ոչ հիմա, ոչ էլ՝ 100 տարի առաջ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News

Լավատես չեմ Թրամփի գալով, նա Չինաստանի հետ գնալու է տնտեսական բախման, Թրամփը գնում է դեդոլարիզացման դեմ, ասում է՝ եթե հրաժարվեք դոլարից, մեզ հետ կապ չեք ունենա, իսկ Պուտինի, Չինաստանի, Հնդկաստանի կարևոր ծրագրերից մեկն էլ դա է։ Նա շատ լավ հարաբերություններ ունի Բենյամին Նեթանյահուի հետ, կտրուկ գործողություններ կարող են լինել Իրանի դեմ։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց Սթենֆորդի համալսարանի դոկտոր, քաղաքագետ Արթուր Խաչիկյանը։ 

Քաղաքագետի կարծիքով, հնարավոր է՝ Թրամփն ագրեսիվ պահի իրեն Միջին Արևելքում, հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին, ինչին Իրանը հակահարված է տալու։ Եթե ԱՄՆ-ի ռազմաբազաներին հարվածեն՝ շատ մեծ պատերազմ կարող է սկսվել, դա շատ վտանգավոր է Հայաստանի համար, քանի որ Իրանը զսպում է Ադրբեջանին ու Թուրքիային։ 

Ինչ վերաբերում է Հայաստանի հետ հարաբերություններին, ապա, Խաչիկյանի կարծիքով, Թրամփն օլիգարխների կառավարություն է ձևավորում, միլիարդատերերի իշխանություն է լինելու, որոնք առաջնորդվելու են միայն շահերով․ «Հայաստանն իրենց պետք չէ ոչ հիմա, ոչ էլ՝ 100 տարի առաջ, դեմոկրատներին վիտրինայի համար պետք էինք՝ ժողովրդավարություն և այլն։ Թրամփն անգամ քարտեզի վրա Հայաստանի տեղը չգիտի, նա մեզանով չի հետաքրքրվում»։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ