Գերմանիան շնորհավորում է ՀՀ-ին՝ 21 զրահապատ մարտական մեքենաների կրճատման առիթով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News

1

Գերմանիայի դեսպանությունը Գերմանիայի դաշնային կառավարության անունից շնորհավորում է Հայաստանին՝ 21 զրահապատ մարտական մեքենաների արդյունավետ կրճատման առիթով:

Այս ջանքերի շնորհիվ Հայաստանն այլևս կպահպանի զրահապատ մարտական մեքենաների՝ Եվրոպայում կոնվենցիոնալ զինված ուժերի պայմանագրով Treaty on Conventional Forces in Europe (CFE Treaty) ամրագրված սահմանաքանակը:

Ինչպես հայտնում են ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատան մամուլի ծառայությունից, այս պայմանագիրը Եվրոպայում և Հարավային Կովկասում անվտանգության ապահովման կարևորագույն հիմնասյուներից է:

Կրճատումը հնարավոր է դարձել ՆԱՏՕ-ի Գործընկերություն հանուն խաղաղության հիմնադրամի ծրագրով և Գերմանիայի՝ որպես գլխավոր իրականացնող երկրի մասնակցությամբ: Գերմանիան այս ծրագրին տրամադրել է ավելի քան 1մլն եվրո և պատրաստ է պայմանագրի անդամ այլ երկրների նույնպես աջակցել Եվրոպայում կոնվենցիոնալ զինված ուժերի պայմանագրի դրույթների լիարժեք իրականացման հարցում:

Գերմանիայի դեսպանությունն այժմ կհետևի հիմնադրամի ծրագրի մնացած քայլերի իրականացմանը, ինչը մասնավորապես ենթադրում է 140 զրահապատ մեքենաների ապառազմականացում, ապամոնտաժում և վնասազերծում, ինչպես նաև Պատերազմի պայթուցիկ մնացուկների և ականների ռիսկերի վերաբերյալ կրթական ստորաբաժանման (Explosive Remnants of War and Mine Risk Education (ERW/MRE) capability) հիմնում Հայաստանի մարդասիրական ականազերծման և փորձագիտության կենտրոնում: