ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News
Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է․
«Վարչապետ Փաշինյանն ասում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի խաղաղ գոյակցության համար խաղաղության պայմանագիրը բավարար չէ, պետք է ռազմավարական գործարք:
Թե ինչ է ռազմավարական գործարքը, ինչպես, ինչ հարաբերակցությամբ է դա պատկերացնում Փաշինյանը, չի մանրամասնվում: Նա ասում է, թե իր պատկերացումը շարադրել է «իրական Հայաստանի» կոնցեպտով:
Բայց հարցն այն է, որ այդ կոնցեպտը գործնականում ոչինչ չասող է, քանի որ դա կոնցեպտ չէ, այլ տեղեկատվա-քարոզչական հնարք, զգալիորեն՝ մանիպուլյացիա:
Եվ «իրական Հայաստանի» կոնցեպտ, որպես այդպիսին, իրականում լինել չի էլ կարող, այն պարզ պատճառով, որ չի կարող լինել «չիրական Հայաստան»: «Չիրական Հայաստանը» մի հորինվածք է, չափազանցություն, որը կերտվել է ընդամենը մեկ նպատակով՝ «իրական Հայաստան» տեղեկատվա-քարոզչական հնարքը խաղարկելու համար:
Հետխորհրդային Հայաստանը երբեք էլ չի եղել «ոչ իրական» կամ «պատմական», «մտացածին» կամ «չափազանցված» Հայաստան: Այդ Հայաստանը եղել է առավել քան իրական, պարզապես՝ «ոչ պարտված»: Գործնականում, «իրական Հայաստան» կոնցեպտուալ հնարքի ներքո Նիկոլ Փաշինյանը ընդամենը թաքցնում է իր առաջնորդությամբ պարտված Հայաստանին:
Այլ կերպ ասած, դե ֆակտո, բաժանարար գիծը ոչ թե իրականն ու պատմականն է, այլ՝ հաղթածն ու պարտվածը, կամ նվազագույնը՝ չպարտվածն ու պարտվածը:
Հաղթողը, որ տվյալ դեպքում Ադրբեջանն ու նրա հովանավորներն են, երբեք չի գնա ռազմավարական գործարքի մեկի հետ, որը պարտվող է, բայց բուն խնդիրն անգամ դա էլ չէ, այլ այն, որ իր պարտությունը համաձայնել է վերածել «պետական կոնցեպտի»:
Ավելին, պարտությունը կոնցեպտի վերածող ուժի հետ ռազմավարական գործարքի չի գնա ոչ ոք»։
--00—ՍՊ