ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News
Ինչպես և բազմաթիվ վերլուծաբաններ ակնկալում էին, ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո Հայաստանի «ռուսատյաց» իշխանությունները շատ արագ սկսել են «դիվերսիֆիկացնել» իրենց հարաբերությունները և հետդարձ են անում դեպի ռուսական տիրույթ՝ շատ լավ հասկանալով, որ տարածաշրջանային խնդիրները հնարավոր չէ լուծել առանց ռեգիոնալ հիմնական խաղացողների մասնակցության։
Այսպես, եթե հիշում ենք, ՀՀ-ն որոշում էր ընդունել սառեցնել իր հարաբերությունները ՀԱՊԿ բոլոր կառույցներում՝ մինչև այդ կազմակերպությունը, ինչպես ձևակերպում էին իշխանության խոսնակները, քաղաքական գնահատական չտա Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքների օկուպացմանը։ Երեկ, սակայն, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպում է ունեցել ՌԴ-ում հավատարմագրված ՀԱՊԿ անդամ պետությունների դեսպանների հետ, որին մասնակցել է նաև ՀՀ դեսպան, ՌԴ-ի մասին իր քննադատական հայտարարություններով հայտնի Գուրգեն Արսենյանը։ Ընդգծենք, որ սա ՀԱՊԿ միջոցառումներին առնվազն վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի առաջին մասնակցությունն է։
Եթե հաշվի առնենք նաև այն, որ միայն հոկտեմբերին ՀՀ վարչապետը երկու անգամ մեկնել է ՌԴ՝ մասնակցելու ԱՊՀ երկրների ղեկավարների և ԲՐԻԿՍ-ի միջոցառումներին, իսկ տարատեսակ ՔՊ-ականների խոսույթում կտրուկ պակասել է հակառուսական հայտարարությունները, պատկերն ավելի ամբողջական է դառնում։
Ի դեպ, այս ամիս ՀՀ-ում կայանալու է հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը, իսկ առաջիկայում պատրաստվում է ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի աշխատանքային այցը ՌԴ։ Պաշտոնյայի անունը առաջիկայում 24News-ը կհրապարակի։
Սուրեն Կամսարական
--00—ՍՊ