Մերձավոր Արևելքում շատերն են համոզված՝ դեպի խաղաղության տանող ճանապարհը անցնում է Վաշինգտոնով։ ԱՄՆ-ն Իսրայելի գլխավոր դաշնակիցն է, և այսօր հրեական պետությունը ռազմական գործողություններ է վարում առնվազն երկու ճակատով՝ Գազայում և Լիբանանում։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեքշաբթի Սպիտակ տանը ողջունել է Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգին՝ վերահաստատելով իր աջակցությունը Թել Ավիվին։
«Իսրայելի հանդեպ իմ հանձնառությունը երկաթյա է։ Մեր միջև ամուր բարեկամություն է, և ուզում եմ կրկին շնորհակալություն հայտնել ձեզ՝ այստեղ գտնվելու համար…»,- ասել է Բայդենը:
«Առաջին հերթին պետք է պատանդներին վերադարձնենք տուն: Ամեն ինչ Թեհրանում է: Ամեն ինչ սկսվում է չարի կայսրությունից՝ Թեհրանից, որը իրեն ենթակա ուժերի միջոցով ամեն ինչ անում է կայունությունը, անվտանգությունն ու խաղաղությունը փլուզելու համար՝ կոչ անելով ոչնչացնել Իսրայել պետությունը, և ձգտում է ունենալ միջուկային զենք»,- արձագանքել է Հերցոգը։