ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News
Ֆրանսիայի՝ էկոլոգիական անցման հարցերով նախարար Անյես Պանիե-Ռյունաշեն երկրի խորհրդարանում ունեցած ելույթի ընթացքում կտրուկ է արձագանքել Բաքվում ընթացող COP 29 համաժողովի բացման արարողության ժամանակ Ֆրանսիայի և Եվրոպայի վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնչեցրած որակումներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա նշել է, որ Ֆրանսիան անպատասխան չի թողնի այդ հայտարարությունները:
«Ֆրանսիայի և Եվրոպայի դեմ նախագահ Ալիևի կատարած արտահայտություններն անընդունելի են: Անհնար է արդարացնել ուղղակի հարձակումները մեր երկրի, նրա ինստիտուտների և տարածքների նկատմամբ: Ադրբեջանը սեփական շահերի համար է օգտագործում կլիմայի փոփոխության դեմ պայքարը, ինչը վայել չէ: Այդ հարձակումները CCNUCC-ի (Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողով) վարքի կոդեքսի կոպտագույն խախտում են: Դրանք անպատասխան չեն մնա: Զավեշտալի է նաև, որ ռեպրեսիվ և ազատության դեմ հանդես եկող Ադրբեջանի վարչակարգը մարդու իրավունքների վերաբերյալ դասեր է տալիս»,- հայտարարել է Անյես Պանիե-Ռյունաշեն:
Նախարարն անընդունելի է համարում նաև հանածո վառելիքի տեսակների նկատմամբ Ադրբեջանի աջակցության արտահայտություններն այն դեպքում, երբ ֆրանսիական և եվրոպական դիվանագիտությունը COP 28-ում հասել է հանածո վառելիքի տեսակների օգտագործումից աստիճանաբար հրաժարվելու վերաբերյալ համընդհանուր համաձայնության ձեռքբերման:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ