Թրամփի վարչակազմում կան նաև հայամետ գործիչներ․ հայկական օրակարգը առաջ մղելու նոր հորիզոն է բացվում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News

Capture

Թրամփի ապագա վարչակազմը շատ արագ է ձևավորվում. նախանշվում են հիմնական արտաքին քաղաքական մոտեցումները: Կան նաև հայամետ գործիչներ։ Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։

«Պետքարտուղարի թեկնածուն Սենատոր Մարկո Ռուբիոն է՝ Վաշինգտոնում Չինաստանի նկատմամբ կոշտ դիրքորոշման կողմնակիցներից մեկը: Կոշտ վերաբերմունքով Համասի նկատմամբ և Իսրայելին աջակցելու ջատագով: Ռուբիոն լավ կապեր ունի հայկական համայնքի և կազմակերպությունների հետ: Ժամանակին բազմիցս արտահայտվել է Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ կոշտ քաղաքականության օգտին:

Պաշտպանության քարտուղարի թեկնածուն Փիթ Հեգսեթն է, Իրանի նկատմամբ ընդգծված կոշտ վերաբերմունքի կողմնակից, Մերձավոր Արևելքում պրո-իսրայելական քաղաքականության ջատագով:

Անվտանգության հարցերով խորհրդականի թեկնածուն Կոնգրեսական Մայք Ուոլցն է: Վաշինգտոնում Չինաստանի նկատմամբ ամենակոշտ դիրքորոշման կողմնակիցներից ևս մեկը: Բազմիցս արտահայտվել է Թուրքիայի և Իրանի նկատմամբ կոշտ քաղաքականության օգտին: 

Ջոն Ռաթքլիֆը կղեկավարի ԿՀԳ-ն (CIA): Չինաստանի դեմ կոշտ քաղաքական գծի առաջամարտիկ:

Իլոն Մասկը և հայամետ Վիվեկ Ռամասուամին կղեկավարեն գործադիրի արդյունավետ աշխատանքի կազմակերպման դեպարտամենտը:

Ամենից պրոհայկական գործիչ Թուլսի Գեբարդը կղեկավարի Ազգային հետախուզությունը: Նա փաստացի ղեկավարում և համակարգում է 18 հետախուզական գործակալություն: Համատեղության կարգով նախագահի գլխավոր խորհրդականն է հետախուզության գծով:

Հայամետ Ռոբերտ Քենեդին, ամենայն հավանականությամբ, կղեկավարի առողջապահության դեպարտամենտը:

Հայ համայնքի, հայկական կազմակերպությունների, լոբիստների և եկեղեցու համար բացվում են նոր հորիզոններ՝ հայկական օրակարգը առաջ մղելու հարցում»:

--00—ՅՄ