Իրանցի փորձագետները բարձր գնահատեցին ԶՊՄԿ-ի անվտանգային չափանիշները՝ հերքելով Ադրբեջանի կեղծ թեզերը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News

photo_2024-11-14_10-09-15

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ այցելած իրանցի փորձագետները բարձր են գնահատում հանքավայրում առկա տեխնիկական ու անվտանգային չափանիշները՝ դրանք գնահատելով միջազգային ստանդարտներին համապատասխան։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Իրանի ԱԳՆ քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի Եվրասիայի ուսումնասիրությունների բաժնի ղեկավար Ալի Բեման Էղբալիզարչը լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով Ադրբեջանի կեղծ թեզերին, թե իբր ԶՄՊԿ-ն չի հետևում բնապահպանական նորմերին՝ ընդհուպ աղտոտելով Արաքս գետը, նշեց, որ այն, ինչ իրենք տեսել են կոմբինատի տարածքում կատարած շրջայցի ընթացքում, ցույց է տալիս, որ որևէ լուրջ խնդիր չկա։ 

«Այն, ինչ այստեղ մեզ ներկայացվեց, ցույց է տալիս, որ նրանք պահպանում են միջազգային բոլոր ստանդարտներն ու նորմերը։ Կարծում եմ, որ որևէ լուրջ խնդիր չկա»,-նշեց նա։

Թեհրանի ATU (Allameh Tabataba) համալսարանի դասախոս, միջազգայնագետ Էհսան Մովահեդիանն էլ ընդգծեց, որ մինչև այցելությունն արդեն լսել էին, որ հանքավայրում բնապահպանական բոլոր նորմերը պահպանվում են, իսկ այցը հաստատեց դրա իսկությունը։ 

«Բնականաբար, երբ անձամբ այցելում և տեղում տեսնում ենք, թե ինչպես է արդյունահանումից հետո հանքաքարը տեղափոխվում  գործարանային հատված, հասկանում ենք, որ շատ բարձր նորմերով ու ստանդարտներով է աշխատում կոմբինատը։ Բնականաբար, ապահովության բոլոր միջոցները ևս կիրառված են այստեղ։ Ադրբեջանն, իմ կարծիքով, այդպես է ասում, որովհետև օգտվում է Ողջի գետի ջրից՝ Ֆիզուլիի բնակիչներին ջուր մատակարարելու համար։ Այդ դեպքում հարց է առաջանում՝ ինչո՞ւ են իրենք հենց այդ ջուրն օգտագործում։ Եթե նույնիսկ ենթադրենք, որ այստեղ արդյունահանվող մոլիբդենն աղտոտում է այդ ջուրը, ապա, կարծում եմ, նման հարցերի համար կարելի է լուծում գտնել։ Օրինակ՝ Հայաստանն ու Իրանն իրենց որոշ հանքերի հարցով նմանատիպ խնդիրներ ունենում են և երկխոսության են նստում, այդ հարցերը  քննարկում և ինչ-որ լուծում գտնում»,-ասաց միջազգայնագետը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ