ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր են համագործակցել, որպեսզի մինչև հունվարի 20-ը հասնեն Գազայի հատվածում պահվող իսրայելցի պատանդների ազատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է Axios լրատվական հարթակը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
Հարթակի տեղեկատվությամբ՝ Բայդենը Թրամփի հետ երկժամյա զրույցի ընթացքում խնդրել է միավորել ջանքերը՝ պատանդների վերադարձի և Գազայի հատվածում հրադադարի շուրջ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև համաձայնության հասնելու համար։
Axios-ը նշում է, որ Բայդենը ցանկանում է օգտագործել իր նախագահական ժամկետի մնացած երկու ամիսը Գազայի շուրջ բանակցությունները «ձգձգվող փակուղուց» դուրս բերելու համար։ Իր հերթին Թրամփն, ամենայն հավանականությամբ, կցանկանար երդմնակալության օրը դիմավորել՝ իր ձեռքի տակ ունենալով ավելի քիչ թվով ճգնաժամեր։
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի խոսքով՝ Սպիտակ տունը «ազդանշան է ուղարկել» Թրամփի թիմին իսրայելցի պատանդների ազատման հարցով համատեղ աշխատելու պատրաստակամության միասին:
Բացի այդ, երկու աղբյուր հայտնել են, որ նոյեմբերի 13-ին Բայդենն Օվալաձև գրասենյակում հանդիպում է անցկացրել ՀԱՄԱՍ-ի մոտ պատանդ պահվող ամերիկացիների հարազատների հետ։ Ըստ աղբյուրներից մեկի՝ ԱՄՆ նախագահն ընտանիքներին հայտնել է, որ ինքը և Թրամփը մտադիր են պատանդների ազատման հասնել մինչև հունվարի 20-ը, երբ տեղի կունենա պետության ընտրված ղեկավարի երդմնակալությունը։
--00—ԼՀ