Վարազդատ Կարապետյանը ԵԽ համազեկուցողների հետ խոսել է համայնքների միավորման գործընթացից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News

1

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը մայիսի 14-ին հանդիպել է ԵԽ տեղական եւ տարածքային իշխանությունների  կոնգրեսի համազեկուցողների պատվիրակության հետ: Այս մասին տեղեկացնում են ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից:

ԵԽ կոնգրեսի համազեկուցող Գուն Մարիտ Հելգեսենը, վերահաստատելով Հայաստանի հետ Տեղական ինքնակառավարման մասին եվրոպական խարտիայի իրականացման մոնիթորինգի շրջանակներում փոխգործակցությունը եւ քաղաքական երկխոսությունը շարունակելու հանձնառությունը, հետաքրքրվել է Խարտիայի վավերացման կապակցությամբ միջոցառումների ճանապարհային քարտեզով Հայաստանի ստանձնած պարտավորությունների եւ հանձնառությունների կատարման, մասնավորապես տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման  ոլորտներում բարեփոխումների ընթացքով:

Վարազդատ Կարապետյանը խոսել է առաջիկայում նախատեսվող համայնքների միավորման գործընթացի սկզբունքների, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների՝ ավագանու եւ համայնքի ղեկավարի ընտրության մասին: Նա ներկայացրել է համայնքների կառավարման համակարգը ձեւափոխելու եւ այն առավել արդյունավետ դարձնելու իր տեսլականը: Անդրադառնալով ֆինանսական համահարթեցման մասին ՀՀ օրենսդրությանը՝ հանձնաժողովի նախագահը նշել է, որ այն պետք է արմատապես վերափոխվի, ինչին համակարծիք են եղել նաեւ եվրոպացի գործընկերները:

Նշենք, որ այցից հետո համազեկուցողները կպատրաստեն Հայաստանում տեղական ինքնակառավարման ոլորտի բարեփոխումների վերաբերյալ հաշվետվություն:

Պատվիրակության կազմում էին Կոնգրեսի համազեկուցողներ Բրիոնի Ռուդկինը, Գուն Մարիտ Հելգեսենը, անկախ փորձագետ Լինզե Շամպը, Կոնգրեսի մոնիթորինգային հանձնաժողովի քարտուղար Ստեֆանի Պուարելը: