Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով քննությունը հետաձգվեց

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News

Ռոբերտ Քոչարյան

Երեւան քաղաքի ընդանուր իրավասության դատարանում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով քննությունը, որը տևեց շուրջ 6 ժամ, հետաձգվեց: Այն կշարունակվի մայիսի 15-ին։

Հիշեցնենք, որ այսօր դատարանը մերժեց Քոչարյանի պաշտպանների ինքնաբացարկի միջնորդությունը, գործը շարունակեց քննել դատավոր Դավիթ Գրիգորյանը։ 

Մայիսի 14-ին կայացած նիստի ընթացքում մեղադրանքը դատարանում պաշտպանող դատախազ Պետրոս Պետրոսանը ներկայացրեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքի հիմնավորվածությունը։ Դատախազի պնդմամբ, գործը դատարանում է և այս պայմաններում Ռոբերտ Քոչարյանի փախուստն արդեն հնարավոր է դառնում:

Նիստի ընթացքում Ռոբերտ Քոչարյանը մի քանի անգամ հանդես եկավ հայտարարությամբ, մասնավորապես նա նշեց, որ իր գործով կողմնակալ մոտեցում կա։ Նա նաև հայտարարեց, որ ԱԱԾ հավաքած շուրջ 350 էջ նյութեր բացակայել են  գործում, ու միայն մեկ անձ է հարցաքննվել։ 
Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննության ժամանակ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հովհաննես Խուդոյանը դատարանում ընթերցեց Քոչարյանին կալանքից ազատելու վերաբերյալ Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի ու գործող նախագահ Բակո Սահակյանի երաշխավորական նամակը: Դատավոր Դավիթ Գրիգորյանը հայտարարեց, որ երաշխավորություն ներկայացնող անձինք, ըստ օրենքի, պետք է ներկայանան դատարան ու պնդեն իրենց երախավորությունը։

Նիստի ընթացքում Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ  Հայկ Ալումյանը միջնորդեց դատարան հրավիրել 2008թ.-ին Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին ու մյուս դատավորներին։