Ավինյանը ՎԶԵԲ տարեկան ժողովին ներկայացրել է ՀՀ-ում տնտեսական արմատական փոփոխությունները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News

1

Մայիսի 8-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՎԶԵԲ տարեկան ժողովի բացմանը և լիագումար նստաշրջանին, տեղեկացնում է փոխվարչապետի մամուլի ծառայությունը: 

1

Նստաշրջանի օրակարգային հարցերը ներառել են կառույցի ռազմավարական, ինստիտուցիոնալ ու ֆինանսական հարցերը: Մասնավորապես, առանցքային քննարկման առարկա է եղել 2021-2025 թթ. ՎԶԵԲ ռազմավարական և կապիտալ շրջանակի ձևավորման նախապատրաստական աշխատանքները:

ՀՀ փոխվարչապետը հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով ՀՀ տնտեսական կյանքում տեղի ունեցող արմատական փոփոխությունները: Տիգրան Ավինյանը շեշտել է, որ ՎԶԵԲ 2021- 2025 թթ. Ռազմավարական և կապիտալ շրջանակի միջնաժամկետ թեմատիկ առաջնահերթությունները լավագույն կերպով ներդաշնակ են Հայաստանի ազգային առաջնահերթությունների հետ:

Նա համոզմունք է հայտնել, որ Բանկի եզակի գործարար մոդելի և մանդատի արդեն իսկ ապացուցված արդյունավետությունը խոսուն փաստ է տարածաշրջանի զարգացման մարտահրավերների հասցեագրմանը և առավել մրցունակ տնտեսություններ կառուցելուն միտված աջակցությունը շարունակելու համար:

ՎԶԵԲ տարեկան ժողովի շրջանակներում փոխվարչապետը ունեցել է նաև մի շարք աշխատանքային հանդիպումներ: Մասնավորապես, մայիսի 9-ին կայացել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հանդիպումը ՎԶԵԲ փոխնախագահ Ալեն Պիլլոյի հետ:

Հանդիպման ընթացքում փոխվարչապետ Ավինյանի կողմից ընդգծվել է մասնավոր հատվածի հետ ՎԶԵԲ համագործակցությունը շարունակելու և երկուստեք արդյունավետ պայմաններով այն խորացնելու կարևորությունը:

Զրուցակիցները նաև քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի ու նախաձեռնությունների շուրջ ջանքերը համատեղելու հնարավորությունները, մասնավորապես՝ ճանապարհային ենթակառուցվածքների, «խելացի» գյուղատնտեսության, վերականգնվող ու արևային էներգետիկայի ոլորտներում:

Հաջորդ օրը փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի` Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի գծով փոխնախագահ Սիրիլ Մյուլլերի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ջրային ոլորտի քաղաքականության ու ռազմավարական առաջնահերթությունների նույնականացման, ինչպես նաև` երկրի արտահանման ներուժը լիարժեք իրացնելու համար առկա խոչընդոտների բացահայտման ու դրանց ուղղությամբ համալիր լուծումների հարցերը, այդ թվում` տարածաշրջանային լոգիստիկ ենթակառուցվածքների ու կարգավորող ընթացակարգերի արդյունավետության բարձրացման համատեքստում:

Այնուհետև հաջորդել է փոխվարչապետի հանդիպումը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի գլխավոր քարտուղար Էնցո Քվատրաչոկեի հետ: Կողմերը քննարկել են մի շարք ընթացակարգային հարցեր` կապված 2020 թվականից Բանկի առաջիկա քառամյա շրջափուլի մեկնարկի հետ:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս