Մի շարք մարզերում իրականացվել է համընդհանուր ներառականության գործընթացի կայացման գնահատում

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 14, 24News

.

«Հայկական Կարիտաս»  բարեսիրական կազմակերպության «Ներառական և համապատասխան որակյալ կրթություն բոլորի համար» ծրագրի շրջանակներում  իրականացվել է հետազոտություն ՀՀ Լոռու, Տավուշի, Սյունիքի մարզերում: Հետազոտությունն իրականացրել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Համայնքային ներառականության և հաշմանդամության հիմնախնդիրների հետազոտական կենտրոն»-ը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ներառական կրթության որակի, համապատասխան մանկավարժական պայմանների ուսումնասիրության և տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնների գործունեության մարտահրավերների վերհանման նպատակով իրականացված հետազոտության արդյունքներն ու համապատասխան առաջարկները  մայիսի 14-ին ներկայացվեցին  հանրությանը: Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը, ԱԺ  պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:

Ներկայացնելով ծրագիրը՝ ծրագրի ղեկավար Լիլյա Համբարձումյանը նշեց, որ  հետազոտության հիմնված է մասնակցային գնահատման մեթոդաբանության վրա, ինչը նշանակում է, որ ընտրանքը ծրագրի անմիջական շահառուների կողմից ներառում է համընդհանուր ներառական կրթության իրավիճակի ներկայացում և խնդիրների վերհանում, որոնք վերլուծվել են ՀՀ պետական, միջազգային և հասարակական կառույցների դիրքորոշումների և իրավական հիմքերի համատեքստում: 

 ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը,  ողջունելով ներկաներին,  կարևորեց կատարած մեծածավալ աշխատանքը: «Ներառականությունը երեխային զուտ հանրակրթական դպրոց ճանապարհելը չէ, այլ երեխայի՝ ապրելու և ստեղծագործելու հնարավորությունն իրեն վերադարձնելը: Մեր որդեգրած քաղաքականությունն է՝ առերեսվել մեր սեփական բացթողումներին և դրանք ուղղել: Իհարկե, այդ ճանապարհը բարդ է, երկարատև և խոչընդոտներով լի, սակայն համոզված եմ, որ հաջողելու ենք գործընկերային մթնոլորտում, քանի որ մեր օրակարգում բացառապես պետք է լինի երեխայի շահը: Այս հետազոտությունը մեզ համար կարևոր է, որովհետև դրա միջոցով կվերհանվեն խնդիրներ, որոնք մեզ կօգնեն շտկել բացթողումները և հաջորդ մարզերում համընդհանուր ներառականության անցումն իրականացնել առավել անցնցում, գրագետ  և պրոֆեսիոնալ»,-նշեց Լուսինե Առաքելյանը: Նախարարի տեղակալը նաև  տեղեկացրեց,  որ այս տարի Երևանն անցնում է համընդհանուր ներառական կրթության, որը հնարավորինս անցնցում իրականացնելու նպատակով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով և վերջինիս կից աշխատանքային խումբ: «Եթե ժամանակին բոլոր խնդիրները լուծվեին, գուցե այսօր Երևանում չլինեին այն բարդությունները, որոնց բախվում ենք: Սակայն մենք չենք ընկրկում և վստահ եմ, որ մեր ինքնաքննադատական քաղաքականությունը մեզ միշտ աչալուրջ կպահի, և ցանկացած խնդիր կկարողանանք լուծել»,-նշեց նախարարի տեղակալը:

Ծրագիրն իրականացվել է 2018-2019թթ. դեկտեմբերից մինչև մարտ ընկած ժամանակահատվածում՝ ՀՀ 3 թիրախային մարզերի ընտրանքային՝ 114 դպրոցներում և 11 տարածքային մանավարժահոգեբանական աջակցության կենտրոններում: Հետազոտական թիմը եղել է Տավուշի, Լոռու և Սյունիքի 12 քաղաքային և 71 գյուղական համայնքներում: