Բռնությունը խարխլում է ընտանիքի հիմքը․ ՄԻՊ-ը ընտանիքի օրվա առթիվ ուղերձ է հղել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 15, 24News

041838210845

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ընտանիքի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել։

«Ընտանիքը հասարակության բնական և հիմնական բջիջն է, բնակչության պահպանման և վերարտադրման հիմքը: Հայաստանում  ընտանիքը մշտապես գտնվում է պետության պաշտպանության և հոգածության ներքո:

Ամուր սիրո ու հարգանքի հիման վրա ստեղծված ընտանիքներն են բարոյական բարձր արժեքների ձևավորման հիմքում և կազմում են քաղաքակիրթ հասարակության առանցքը: Բռնությունը խարխլում է ընտանիքի հիմքը, բացասաբար է ազդում ընտանիքում երեխաների առողջ զարգացման ու դաստիարակության վրա:

Միմյանց նկատմամբ սերը և միմյանց արժանապատվության ու իրավունքների նկատմամբ հարգանքն են կարող ապահովել համերաշխությունն ընտանիքում: Պետք է գործադրենք բոլոր ջանքերն այս արժեքների պահպանման համար:

Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան օրենսդրությունը ելնում է ընտանիքի ամրապնդման, ընտանեկան հարաբերությունները սիրո ու հարգանքի վրա կառուցելու, ընտանիքի բոլոր անդամների փոխադարձ օգնության և պատասխանատվության, ընտանիքում երեխաների դաստիարակության առաջնայնության, նրանց լսված լինելու, ընտանիքի անդամների կողմից իրենց իրավունքների անարգել իրականացումն ապահովելու, այդ իրավունքների դատական պաշտպանության հնարավորության անհրաժեշտությունից։

Արդեն շուրջ երկու տասնամյակ է, ինչ ՄԱԿ-ը մայիսի 15-ը  հռչակել է ընտանիքի միջազգային օր, ինչը նպատակ ուներ միջազգային հանրության ուշադրությունը սեւեռել ընտանիքի պաշտպանությանն ու զարգացմանն առնչվող խնդիրների վրա:  Հայաստանը  2011 թվականից այս օրն ամրագրել է որպես  Ընտանիքի օր: Սա յուրահատուկ հնարավորություն է եւս մեկ անգամ արժևորելու ընտանիքն ու ընդգծելու ընտանիքի բացառիկ դերը հասարակության ու պետության զարգացման գործում»,-ասված է ուղերձում։

Տեսանյութեր

Live

Լրահոս