Աջափնյակում մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցումը կսկսվի 2020 թվականից․ Արթուր Մեսչյան

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 15, 24News

Մեսչյան

Քաղաքապետարանում կազմակերպված ասուլիսի ժամանակ Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը հույս է հայտնել, որ 2019-ի ընթացքում կավարտվեն  մետրոյի նոր կայարանի նախագծային աշխատանքները, և մյուս տարվա սկզբից կսկսվեն շինարարական  աշխատանքները:

«3 ամիս առաջ էր եղել հանդիպում, այս ընթացքում բավականին շատ իրողություններ են եղել՝ դրական առումով: Շինարարությունը կսկսենք կամրջից: Ցավոք սրտի, մենք հնարավորություն չունենք բյուջետային միջոցներով ծրագիրն իրականացնել, կառուցապատողների հետ ենք բանակցում: Հիմա մենք ավելի շատ զբաղվում ենք դիվանագիտությամբ, ոչ թե ճարտարապետությամբ:

Կա՞ն արդյոք կառուցապատողներ, այո՛: Անուններ դեռ չեմ ասի, մյուս ասուլիսի ժամանակ մանրամասն կխոսենք»,- ասել է Մեսչյանը և հավելել, որ 3 տարբեր կառուցապատողների հետ են աշխատում, Աջափնյակի մետրոպոլիտենի կայարանի կառուցապատողին արտոնություն է տրվելու «Թումոյի» շրջակայքում՝ մետրոպոլիտենի վրա, մեծ մոլ կառուցելու համար: Մոլի առաջին հարկի մեջից է լինելու մետրոպոլիտենի կապը:

Բացի մետրոպոլիտենի նոր կայարանից՝ քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում է նաև ճոպանուղու կառուցման ծրագիրը:

«Ճոպանուղով հնարավորինս կթեթևացնենք Նորքի և Կենտրոնի կապը և տրանսպորտային հոգսը: Կապը լինելու է 2-րդ Մասիվից նախկին Պոլիտեխնիկ ինստիտուտի հանրակացարանների տարածքը՝ Աբովյանի պուրակի տարածքում: Հետագայում զարգացում կլինի Հաղթանակի այգի, բայց սկզբնական խնդիրը Կենտրոնը Նորքին կապելն է»,- հայտնել է Մեսչյանը և տեղեկացրել, որ ճոպանուղու ծրագիրը ևս կֆինանսավորվի ոչ բյուջետային միջոցներով՝ կառուցապատողների կողմից:

Անդրադառնալով ճոպանուղու կառուցման ժամկետին՝ Մեսչյանը նշել է, որ նախագծային աշխատանքների ծավալը շատ ավելի փոքր է:

«Կարծում եմ՝ մյուս տարվա ընթացքում բավականին մեծ աշխատանք կկարողանանք անել: Գոնե սյունաշարը կկարողանանք անել»,-ասել է Մեսչյանը:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս