Արցախի պետնախարարը Իշխան Զաքարյանի հետ քննարկել է համահայկական 7-րդ խաղերի բացման հարցերը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 15, 24News

default

Արցախի Հանրապետության պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը մայիսի 14-ին ընդունել է Համահայկական խաղերի կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին գլխավոր ռեժիսոր Ռուբեն Հովհաննիսյանը եւ տարբեր երկրների հետ աշխատանքներ իրականացնող պատասխանատուներ:

Ողջունելով ներկաներին՝ պետնախարարը նշել է, որ աշխատանքային խորհրդակցությունը նվիրված է համահայկական 7-րդ ամառային խաղերի բացման եւ հյուրերի գիշերակացը ապահովելու համար կազմակերպչատեխնիկական հարցերը քննարկելուն:

«Մենք համապատասխան ժամանակամիջոցում պետք է կարողանանք աշխատանքներն այնպես իրականացնել, որ բացման հանդիսավոր միջոցառումն անցկացվի բոլոր չափանիշներին համապատասխան, այդ իսկ պատճառով՝ բոլոր գերատեսչություններին հորդորում եմ աշխատանքները կազմակերպել համակարգված եւ փոխգործակցության հիմքերի վրա»,- նշել է Գ. Մարտիրոսյանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ի. Զաքարյանը նշել է, որ տարբեր ուղղություններով ձեւավորված աշխատանքային խմբերի համատեղ ջանքերի շնորհիվ է միայն հնարավոր բոլոր խնդիրների շուրջ ունենալ կիրառելի լուծումներ: «Այդ օրերին հանրապետության տարանցիկ ճանապարհները, քաղաքները, համայնքները պետք է տոնական տեսքով լինեն, աշխատանքներում պետք է ընդգրկենք մեծ թվով կամավորների, իսկ գիշերակացի հետ կապված խնդիրների լուծման ուղղությամբ պետք է օգտագործենք հնարավոր բոլոր տարբերակները»,- ասել Ի. Զաքարյանը:

Հանդիպման ավարտին տեղի է ունեցել մտքերի փոխանակում, պետնախարարի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականեր։

Խորհրդակցությանը մասնակցել են ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանը, կրթության, գիտության եւ սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը եւ պաշտոնատար այլ անձինք։