Գործազրկությունն ապագայում լուրջ մարտահրավեր կդառնա ողջ աշխարհի համար․ Ավինյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 15, 24News

Ավինյան

Գործազրկությունն ապագայում լուրջ մարտահրավեր կդառնա ինչպես Հայաստանի, այնպես էլ ողջ աշխարհի համար։ Այս մասին «Աշխատիր, Հայաստան» ծրագրի գործարկման եւ Աշխատանքի միջազգային կազմակերպության 100-ամյակին նվիրված միջոցառման շրջանակում մայիսի 15-ին ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Նրա խոսքով՝ դա կապված է այն բանի հետ, որ տնտեսությունն ավելի արագ է զարգանում, քան կրթությունը, եւ պետության դերն այն է, որպեսզի ստեղծի այնպիսի պայմաններ, որ քաղաքացիները հնարավորություն ունենան ավելի արագ հարմարվելու փոփոխվող պայմաններին։ «Դա կարեւոր քայլ է այն սկզբունքների ձեւավորման ճանապարհին, որոնք կընկնեն  պետության, մասնավոր հատվածի, քաղաքացիական հասարակութան, միջազգային հանրության համագործակցության հիմքում՝ աշխատանքի խթանման ծրագրերի իրականացման ճանապարհին»,- նշել է նա։

Տիգրան Ավինյանն ավելացրել է, որ ծրագիրը հենվում է երեք հենասյուների՝ մարդկային կապիտալի զարգացում, զբաղվածության խթանում եւ ինստիտուցիոնալ փոփոխություններ։ «Պետությունը կաշխատի այս կետերից յուրաքանչյուրի վրա՝ նվազեցնելով գործազրկության մակարդակը։ Խոսքը միայն աշխատատեղերի ստեղծման մասին չէ, այլ նաեւ աշխատանքի արդյունավետության բարձրացման»,- ընդգծել է նա՝ ավելացնելով, որ արդեն նախաձեռնվել են քննարկումներ միջազգային գործընկերների հետ, ինչպես նաեւ համագործակցություն միջազգային մակարդակով։

Ավինյանի հավաստմամբ՝ սկզբունքները, որոնք առաջադրել է ԱՄԿ-ն, լիովին համահունչ են Հայաստանի կառավարության նպատակներին, մասնավորապես՝ մարդու ստեղծագործ պոտենցիալի իրականացման մասով՝ աշխատանքի խթանման եւ անհրաժեշտ պայմանների ստեղծման միջոցով։ Այս ամենն ընկած է կառավարության գործունեության հիմքում։ «Փոփոխությունները, որոնք տեղի ունեցան անցած տարի Հայաստանում, իրականացվեցին քաղաքացիների անմիջական մասնակցությամբ։ Հեղափոխության օրերին քաղաքացիները, անհավանական կամք եւ համախմբում ցուցաբերելով, կարողացան կանգնել իրենց իրավունքների պաշտպանության գծում։ Այսօր արդեն հայտարարված է հեղափոխության նոր փուլի՝ տնտեսականի մասին, որը կհիմնվի աշխատանքի խթանման վրա։ Այս նախաձեռնությունը կլինի նաեւ այն մեխանիզմներից մեկը, որոնք թույլ կտան քաղաքացիներին արժանի աշխատանք գտնել»,- ասաց նա։ «Մենք առաջնորդվում ենք նրանով, որ այս կամ այն ծրագրի իրականացման պատասխանատվությունն ընկած է նրանց վրա, ովքեր այն մշակում են։ Նման մոտեցումն ապահովում է ծրագրերի իրագործման բարձր արդյունավետություն, ինչպես նաեւ հանրային վստահության բարձր մակարդակ»,- ավելացրել է փոխվարչապետը։