Աննա Հակոբյանն այցելել է Պեկինի համալսարանի քաղցկեղի հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

1

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մայիսի  15-ին Չինաստանի ժողովրդական հանրապետություն այցի շրջանակում այցելել է Պեկինի համալսարանի քաղցկեղի հիվանդանոց:

Ինչպես Աննա Հակոբյանի գրասենյակից տեղեկացանք, հանդիպմանը ներկա են գտնվել Չինաստանի ընդդեմ քաղցկեղի ասոցիացիայի գլխավոր քարտուղար Յինգ Վոնգը, արտաքին կապերի փոխտնօրեն Թինգթինգ Շուն, Պեկինի համալսարանի քաղցկեղի հիվանդանոցի փոխտնօրեններ  Ջոն Գուոն և Քաիֆենգ Փանը:

Աննա Հակոբյանը ներկայացրել է «Ժպիտների քաղաք» հիմնադրամի գործունեությունն ու ծրագրերը: «Տարեկան Հայաստանում գրանցվում է մանկական քաղցկեղի 100 դեպք: «Ժպիտների քաղաք» հիմնադրամը հոգում է պացիենտների բուժման և սնունդի ծախսերը: Սակայն մենք ավելի մեծ ծրագրեր ունենք: Մեր նպատակն է Հայաստանում ստեղծել քաղցկեղի դեմ պայքարի տարածաշրջանային կենտրոն»,- ասել է Աննա Հակոբյանը:

«Հայաստանը բարեկամ երկիր է և դարավոր պատմական հարաբերություն ունի Չինաստանի հետ, և մենք համոզված ենք, որ քաղցկեղի դեմ պայքարում մենք կարող ենք լավագույնս համագործակցել»,- հանդիպմանը նշել է Յինգ Վոնգը: Հանդիպմանը կողմերը քննարկել են հետագա համագործակցության ուղիներն ու հնարավորութհունները: 

Պեկինի համալսարանի քաղցկեղի հիվանդանոցը Չինաստանի հինգ լավագույն հիվանդանոցներից մեկն է համարվում:

Նշենք, որ Աննա Հակոբյանը կրել է Anahit Baveyan բրենդի հագուստ: