Քոչարյանը խորհրդարանում ընդունել է ՌԴ անվտանգության կոմիտեի պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 15, 24News

Քոչարյան

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, հանձնաժողովի անդամներ Տիգրան Կարապետյանը, Վարդան Վարդանյանը եւ ԱԺ պատգամավոր Գոռ Գեւորգյանը մայիսի 15-ին հանդիպել են ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի պատվիրակության հետ: Այս մասին հայտնում են ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից:

Ողջունելով ռուսաստանցի գործընկերներին ՀՀ Ազգային ժողովում՝ Անդրանիկ Քոչարյանը շնորհավորել է Հաղթանակի օրվա կապակցությամբ՝ նշելով, որ նախադեպը չունեցող պատերազմին մասնակցել է շուրջ 600 հազար հայորդի, որոնք իրենց մեծ ներդրումն են ունեցել ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի գործում:

Հանձնաժողովի նախագահը համառոտ ներկայացրել եւ կարեւորել է անկախացումից հետո հայ-ռուսական հարաբերությունների բարձր մակարդակը, երկու երկրների միջեւ կնքված փաստաթղթերը, որոնք հիմք են ռազմավարական փոխգործակցության: Անդրանիկ Քոչարյանն ընդգծել է պաշտպանության, տնտեսության, մշակույթի բնագավառներում եւ քաղաքական դաշտում համագործակցությունն ու զարգացման ուղիները:

Կարեւոր է համարվել նաեւ միջխորհրդարանական կապերի սերտացումը եւ այդ համատեքստում ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի եւ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի պաշտոնական հանդիպումները:

Նշվել է, որ պաշտպանության ոլորտում համատեղ իրականացվում են նոր ծրագրեր, սակայն կան օրենսդրական խնդիրներ, որոնց լուծման ուղղությամբ տարվում են աշխատանքներ:

ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի նախագահի տեղակալ, պատվիրակության ղեկավար Սերգեյ Արենինը միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման գործում կարեւոր է համարել հանձնաժողովների միջեւ կառուցողական գործակցությունն ու շարունակականությունը:

Պատվիրակության ղեկավարը վստահություն է հայտնել, որ ռուս-հայկական դարավոր բարեկամությունն առավել կամրանա եւ կհզորանա:

Քննարկվել են նաեւ տարածաշրջանային խնդիրներ, պաշտպանության բնագավառի զարգացմանն ու խորացմանն առնչվող հարցեր: