Քոչարյանը ՊՆ-ին և ԶՈՒ-ին ասել է՝ չմիջամտեն քաղաքական գործընթացներին․ Գևորգյանի ցուցմունքը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 15, 24News

armen-gevorgyan-634x445

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով այսօրվա դատական նիստին նրա պաշտպաններից Հայկ Ալումյանը հրապարակեց Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի՝ նախաքննության ընթացքում տված ցուցմունքը։ Նշենք, որ 2008թ. Արմեն Գևորգյանը զբաղեցրել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի եւ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնները։

Արմեն Գեւորգյանը իր ցուցմունքում նույնպես պատմել է 2008թ. փետրվարի 23-ին տեղի ունեցած հայտնի խորհրդակցության մասին։

«Նախագահ Ռոբերտ Քոչարյանը դիմել է ՊՆ եւ Զինված ուժերի ղեկավար կազմին՝ ասելով, որ զինված ուժերը որեւէ կերպ պետք է չմիջամտեն քաղաքական գործընթացներին, չներգրավվեն այդ գործընթացների մեջ, որ բանակում պետք է տիրի կարգ ու կանոն եւ վերջապես պետք է առավել ուշադիր լինել սահմաններում Ադրբեջանի հետ շփման գծում տիրող իրադրության նկատմամբ, քանի որ չի բացառվում, որ Ադրբաջնի կողմից լինեն սադրիչ գործողություններ: Իմ հիշելով՝ նախագահը նաեւ նշեց պաշտպանության նախարարի տեղակալ Մանվել Գրիգորյանի մասին՝ ասելով, որ վերջինս պետք է որոշի՝ պաշտպանության նախարարի տեղակալ է, թե քաղաքական գործիչ»,- ցուցմունքում նշել է Գևորգյանը՝ ենթադրելով, որ նախագահը նման հայտարարությունը կապված էր հետընտրական գործընթացներին Մանվել Գրիգորյանի ղեկավարած Երկրապահ կամավորական միության անդամների ենթադրյալ ներգրավվածությանը:

Գևորգյանն ասել է, որ չի հիշում, արդյոք Մանվել Գրիգորյանը ներկա էր խորհրդակցությանը, թե՝ ոչ։

Գևորգյանը նաև ասել է, որ չի հիշում արտակարգ դրություն հայտարարելու եւ բանակը օգտագործելու վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի որեւէ հայտարարություն, ուստի այդ հարցի շուրջ ոչինչ չի նշել: Այս ցուցմունքով ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղարն, ըստ էության, հերքել է Արշակ Կարապետյանի տված ցուցմունքն այն մասին, թե 2008թ. փետրվարի 23-ին տեղի ունեցած հայտնի խորհրդակցության ժամանակ Ռոբերտ Քոչարյանը ներքաղաքական պրոցեսներին միջամտելու համար ներգրավվել է բանակի ղեկավարությանն ու սպայական կազմին։

Հիշեցնենք, որ Արմեն Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2006 թվականի փետրվարից մինչեւ 2008 թվականի ապրիլի 21-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի եւ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնները, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, խոչընդոտներ վերացնելու եւ ցուցումներ տալու եղանակով օժանդակել է ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ տապալելու ՀՀ սահմանադրական կարգը։ Բացի այդ, Արմեն Գեւորգյանը, ըստ մեղադրանքի, Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու համար, 2008թ․ ապրիլին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 309․000․000 ՀՀ դրամին համարժեք 1․000․000 ԱՄՆ դոլար կաշառք, ինչպես նաեւ նույն ժամանակ թաքցնելով ու խեղաթյուրելով նշված գումարի իրական բնույթն ու ծագումը՝ օրինականացրել է առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները։