ԱՄՆ-Իրան պատերազմն ավելի ծանր կլինի, քան Իրաքի պատերազմը․ ամերիկացի սենատոր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

1

ԱՄՆ-Իրան պատերազմն ավելի ծանր կլինի, քան Իրաքի պատերազմը: Այս մասին հայտարարել է ամերիկացի սենատոր Բեռնի Սանդերսը՝ ի պատասխան The New York Times-ի հարցմանը՝ արդյոք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դիտարկում է Մերձավոր Արեւելք 120000 զինծառայող ուղարկելու ծրագիրը:

Այդ գաղափարը, հաղորդագրությունների համաձայն, առաջարկել է նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, որն Իրաքի թեժ հակամարտության ժամանակ աշխատում էր Ջորջ Բուշի վարչակազմում:

«16 տարի առաջ ԱՄՆ-ն իր պատմության ամենակոպիտ սխալը թույլ տվեց՝ հարձակվելով Իրաքի վրա»,- հայտարարել է Սանդերսը՝ Periscope-ի ուղիղ եթերում: Բացի այդ, նա Բոլթոնին պատերազմի աջակից է անվանել:

«Կարծես թե Ջոն Բոլթոնը ցանկանում է պատերազմել Իրանում, որն, իմ կարծիքով, ավելի ծանր կլինի, քան Իրաքում»,- ասել է Սանդերսը: 

Նա նաեւ հայտնել է, որ աշխատում է Կոնգրեսում կոալիցիա ստեղծելու ուղղությամբ, որը նախագահ Թրամփին կստիպի Կոնգրեսից թույլտվություն խնդրել՝ Իրանում ռազմական գործողություններին մասնակցելու համար:

Նշենք, որ նախօրեին Թրամփը հերքել էր Times-ի տեղեկությունները՝ դրանք «ֆեյք նորություններ» անվանելով: