Ստեփանակերտում տեղյակ չեն Սահակյանի՝ Ռոբերտ Քոչարյանի դատին ներկա լինելու մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

Բաբայան

Դեռևս որևէ տեղեկություն չկա՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանը ներկա կգտնվի ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով վաղը հրավիրված դատական նիստին, թե` ոչ։ 24News-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը։

«Ոչ մեկից թաքուն չի պահվելու, որ վաղը գա, բոլորդ էլ կտեսնեք։ Ավել տեղեկություն չունեմ, ավել բան ասել այս պահին չեմ կարող»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ մայիսի 14-ի դատական նիստի ընթացքում Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը ներկայացրել էր Արցախի նախագահ Բակո Սահակյանի և ԱՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությունը՝ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ։ Նիստը նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանն ասել էր, որ երաշխավորության քննման համար պետք է ապահովել նրանց ներկայությունը:

Այսօր՝ մայիսի 15-ի դատական նիստի ընթացքում Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը դատարանին խնդրեց պայմաններ ապահովել, որպեսզի Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը մայիսի 17-ին օրվա երկրորդ կեսին ներկա լինեն դատական նիստին: Այդուհանդերձ, դատավորը Դավիթ Գրիգորյանը խնդրեց Արցախի ներկա և նախկին նախագահներին տեղյակ պահել, որ հնարավորության դեպքում մայիսի 16-ին ներկայանան դատական նիստին, որովհետև արդեն մայիսի 17-ին հաջորդում են ոչ աշխատանքային օրեր: Պաշտպանները հայտնեցին, որ իրենք կճշտեն՝ կկարողանա՞ն նախագահները ներկա լինել մայիսի 16-ի նիստին, թե ոչ: