ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News
Հովիկ Աղազարյանի՝ մանդատը դնել հրաժարվելուց հետո ՔՊ-ական ագիտպրոպը սկսեց նրանից հրեշ կերտելու անշեղ ու ճիվաղային գործընթացը։ Սկզբից արտահոսք արեցին, թե իբր պետական գաղտնիքներ է հրապարակել (ինչը պետք է ստանա քրեաիրավական գնահատական), հետո ակնարկեցին, թե սիրուհի է ունեցել, հիմա էլ հասել են նրան, որ մարդուն մեղադրում են չորս տղամարդկանց հետ «սեռական ակտիվ կապեր ունենալու մեջ»։ Նորից, թոռներ ունեցող տարիքով մարդուն դարձնում են հանրային պասավանքի ենթակա մեկը, որի հետ անգամ ձեռքով չի կարելի բարև տալ։ Ու սա այն ամենից հետո, երբ նա հրաժարվեց ենթարկվել Նիկոլ Փաշինյանի «խնդրանքին»։
Եկեք վերանանք մի պահ Աղազարյանի անձից, այս պահին դա երկրորդական է։ Փաշինյանը սրանով ցույց է տալիս, որ ում ինչ ուզի՝ կարող է անել։ Վաղը ցանկացած մեկին կարող են մեղադրել ավանակ բռնաբարելու մեջ, ու հետո այդ մարդը պետք է վազի լրատվականներով ու արդարանա, որ ավանակի հետ չի կենակցել։ Փաշինյանը ոչնչացնում է բարոյապես նրան, որը հրաժարվել է իրեն ենթարկվել։ Նա գիտի, որ իր ներկայացրած «ճշմարտությունը» հասարակության մի հատվածը հալած յուղի պես է ընդունելու։ Եթե ասաց, որ Արցախն Ադրբեջան է՝ հավատացին, որ Արարատը ագրեսիա է՝ խելոք լսեցին, որ Կիրանցից այն կողմ Ադրբեջան է՝ համակերպվեցին, հիմա ինչու՞ չի կարող ասել, որ թոռատեր մարդն իբր միասեռական է։
Այս ճիվաղությունը վաղը չոքելու է յուրաքանչյուր մարդու դռանը, որը համարձակվելու է ձեռնոց նետել, չենթարկվել, գըվվալ կամ բըվվալ, երբ իրեն հրամայի Նիկոլ Փաշինյանը։ Սա նորմալ է, սա սպասելի է։ Անսպասելի է, թե ինչպես են լռում «քաղաքացիական հասարակություն» կոչված հատվածը, ու, ամենակարևորը, ԵՄ ու ԱՄՆ դեսպանությունները, որոնք իբր տոգորված են մարդու իրավունքներով։ Սա՞ է ձեր պայքարը։ Սա ճիվաղություն է...
Նարեկ Գալստյան
--00—ԼՀ