ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News
Արագածոտնի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ, այսօր Աշտարակի Գուլամերյան Հայորդյաց տանը Աշտարակի տարածաշրջանի երիտասարդաց միությունների անդամների համար «Սուրբ Պատարագի Աստվածաշնչյան հիմքերը» թեմայով բանախոսություն վարեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, Հայաստանի Աստվածաշնչային ընկերության Գլխավոր քարտուղար՝ Հոգեշնորհ Տեր Հուսիկ աբեղա Սմբատյանը:
Հայր Սուրբը բանախոսության ընթացքում անդրադարձավ Սուրբ Պատարագի Սուրբգրային հիմքերին, խորհրդին, մասերին, Սուրբ Պատարագին մասնակցելու կարևորությանը և նշեց. «Սուրբ Պատարագը եկեղեցում չի ավարտվում, դուք այն այնտեղից տանում եք ձեր կյանք, աշխարհ, փոխանցելով մյուսներին»։
Անդրադառնալով աստվածաշունչ ընթերցելու կարևորությանը նշեց. «Առանց Աստվածաշնչի և Սուրբ Պատարագի չկա քրիստոնեական կյանք: Աստվածաշունչ ընթերցելը առանցքային նշանակություն ունի յուրաքանչյուրի կյանքում, մենք Աստվածաշնչից ստանում ենք պատասխաններ, որոնք մեր կյանքում կարող ենք կիրառել»։
Հավարտ բանախոսության Հայր Սուրբը պատասխանեց երիտասարդներին հետաքրքրող հարցերին:
Երիտասարդաց միությունների հոգևոր պատասխանատու Արժանապատիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը, երիտասարդների անունից իր երախտագիտությունն հայտնեց Հայր Սուրբին, կարևորելով հետագա նման հանդիպումների շարունակականությունը և համագործակցությունը:
Հանդիպմանը ներկա էին՝ Արագածոտնի թեմի հոգևորականներ, Աշտարակի տարածաշրջանի երիտասարդաց միությունների անդամներ, Գուլամերյան Հայորդյաց տան ավագ դասարանների սաները:
Ծրագիրն իրականացվեց Արագածոտնի թեմի երիտասարդաց միության և Հոլանդիայի Ալմելո քաղաքի հոգևոր հովիվ Տեր Մաշտոց քահանա Բաղդասարյանի ու տեղի երիտասարդաց միության հետ համագործակցությամբ:
--00—ՍՊ