Տուգանային միավորների կիրառման համակարգը մի քանի խնդիր է լուծելու․ Արմեն Խաչատրյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 17, 24News

ertevekutyun-634x445

Տուգանային միավորների կիրառման համակարգը՝ բալային համակարգը, մի քանի խնդիր է լուծելու՝ երթևեկության անվտանգության բարձրացում, սոցիալական բեռի թեթևացում: Այս մասին այսօր կայացած ասուլիսին ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ճանապարհային ոստիկանության պետի նախկին տեղակալ Արմեն Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ երթևեկության անվտանգության մակարդակը ՀՀ-ում շատ մտահոգիչ է: 2019 թ.-ի հունվարի 1-ից մինչև այսօր գրանցվել է 109 զոհ, իսկ 2018 թ.-ին արձանագրվել է ՃՏՊ հետևանքով 343 մահվան դեպք և 6000 վիրավոր:

«Երթևեկության անվտանգության մակարդակը կբարձրանա, որովհետև այս համակարգով վարորդները վտանգի տակ են դնում տրանսպորտային միջոցներ վարելու իրենց իրավունքը: Երկրորդ էֆեկտը սոցիալական բեռի թեթևացումն է, ոչ միայն տուգանային միավորներ են կիրառվում, այլ տուգանքների չափեր են նվազում: Բալային համակարգով առավելագույն տուգանքի չափը լինելու է 29 հազար դրամ՝ ներկայիս 500 հազար դրամի փոխարեն»,- նշեց նա:

Հարցին, թե տուգանքներից հավաքագրվող գումարները որքանով են նվազելու, և ինչպես է դա լրացվելու, Արմեն Խաչատրյանը պատասխանեց. «Տուգանային միավորների կիրառման համակարգով պայմանավորված՝ կանխատեսվում է, որ տուգանքներից գոյացող գումարները կնվազեն 2.7 մլրդ դրամով: Եթե կոպիտ ասենք, այս 2.7 մլրդ դրամը փոխարինվում է բալով: Դա արդեն պետական հոգածության խնդիր է, և պետբյուջեից անհրաժեշտության դեպքում կտրամադրվեն համապատասխան միջոցներ ոստիկանությունում համապատասխան ծախսերն իրականացնելու համար»:

Հիշեցնենք, որ Կառավարությունը նախօրեին հավանություն էր տվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի և հարակից օրենքների նախագծերի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

Արմեն Խաչատրյանի տեղեկացմամբ՝ օրենքի նախագիծն ԱԺ-ի կողմից ընդունվելուց հետո ուժի մեջ կմտնի 6 ամիս անց:

Ըստ նախագծի՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձին վարորդական վկայական ստանալու օրվանից մեկ տարի ժամկետով տրվելու է 9 միավոր. ճանապարհային երթևեկության կանոնների խախտում ամրագրելու դեպքում վարչական իրավախախտում կատարած անձին տվյալ տարում տրված ընդհանուր միավորներից ինքնաշխատ եղանակով հանվելու են տվյալ իրավախախտման համար սահմանված տուգանային միավորները: 

«Ոստիկանությունն ուսումնասիրությունը մոտ 2 տարի առաջ էր սկսել իրականացնել: Անհրաժեշտությունն առաջացավ, երբ սկսեցին կիրառվել տեսահսկման համակարգերը, տարիներ անց վիճակագրությունը փաստեց, որ կան վարորդներ, որոնք կատարում են 100-ավոր, 1000-ավոր խախտումներ և չեն վճարում: Այս իրավիճակի հետ հաշտվելը ընդունելի չէր, և միջոցներ պետք է ձեռնարկվեին այս վարորդներին սաստելու համար»,- ասաց ՃՈ պետի նախկին տեղակալ Արմեն Խաչատրյանը:

ՃՈ պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը կառավարության երեկվա նիստին հայտարարել էր՝ հինգ հազար դրամանոց տուգանքին համարժեք է մեկ տուգանային միավորը: Tert.am-ի հարցին, թե 1 տարվա ընթացքում 9 անգամ սխալ կայանման դեպքում վարորդը զրկվելու է վկայականից, Արմեն Խաչատրյանը պատասխանեց. «100 անուն իրավախախտում կա երթևեկության կանոնների խախտման, որից 21-ն են բալայնացված: Ոչ բոլոր 5000 դրամանոց խախտումներն են կիրառվում 1 բալ վարչական տույժ, կանգառ-կայանման կանոնների խախտման համար կիրառվում է կես բալ»:

Ինչ վերաբերում է վարորդական վկայականից զրկվելուց հետո վարորդի կողմից այլ տրասնպորտային միջոցներ վարելու հնարավորությանը, պատգամավորը հայտնեց, որ քրեական օրենսգրքում փոփոխություններ են կատարվում՝ հնարավորությունը սահմանափակելու և այս ուղղությամբ հսկողությունն ավելի ուժեղացնելու համար:

«Զրկված կամ կասեցված իրավունքով տրանսպորտային միջոց վարելն արդեն վարչական իրավախախտում չէ, այս արարքը քրեականացվել է և դարձել է հանցագործություն: Այս հանգամանքը, կարծում եմ, կստիպի, որպեսզի մարդիկ ձեռնպահ մնան նման հանցագործություններ կատարելուց»,- ասաց Արմեն Խաչատրյանը:

Tert.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր՝ Ճանապարհային որ խախտումների դեպքում որքան բալ է հանվելու: Մասնավորապես, 20-25 հազար դրամի տուգանքների համար նախատեսված է երկու բալային միավոր հանել, 4 միավորանոց խախտումների թիվը 2-ն է՝ երթևեկության սահմանված արագությունը 51-80 կմ/ժ-ով գերազանցելը և տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելը, բացառությամբ եթե վարորդը միայն ալկոհոլի ազդեցության տակ է, և մեկ լիտր արյան մեջ ալկոհոլը մեկ գրամը չի գերազանցում: Երեք միավորանոց խախտումներն են՝ տրանսպորտային միջոցի տնօրենի կողմից հաշվառման համարանիշը այլ անձի հանձնելը, որի համար ներկայիս գործող համակարգով նախատեսված է տուգանք հարյուր հազար դրամի չափով:

Նախագծում նշված է նաև, որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ պարբերաբար կատարելը, որոնց համար նախատեսված է վարչական տույժ տուգանային միավորի ձևով, առաջացնելու է վարչական տույժ` տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցման ձևով` 6 ամիս ժամկետով, իսկ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցման ժամկետը լրանալուց հետո` մեկ տարվա ընթացքում, պարբերաբար խախտումներ կրկին կատարելը առաջացնելու է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` 1 տարի ժամկետով: