ԵԱՏՄ տարածքում կստեղծվի ցեմենտի ընդհանուր շուկա․ Տիգրան Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

1

Եվրասիական տնտեսական միության շտաբ-բնակարանում ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական միությունում ցեմենտի ընդհանուր շուկա ձևավորելու թեմայով խորհրդակցություն:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից, միջոցառմանը մասնակցել են Միության անդամ երկրների տեխնիկական կարգավորման ոլորտի լիազոր մարմինների ղեկավարներ:

«Խորհրդակցության արդյունքներով նախատեսվել են ցեմենտի ընդհանուր շուկա ձևավորելու ուղղությամբ հստակ քայլեր, որոնք ԵԱՏՄ անդամ պետությունների արտադրողներին թույլ կտան առանց սահմանափակումների ցեմենտի փոխադարձ մատակարարումներ իրականացնել»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Նշվում է, որ Միության անդամ երկրները ցեմենտի խոշոր արտադրողներ ու օգտագործողներ են: Օրինակ, Ղազախստանից փոխադարձ առևտրի ծավալում ցեմենտի արտահանումը կազմել է 32 միլիոն դոլար, Բելառուսում՝ 57.1 միլիոն դոլար, իսկ ՌԴ-ում 153.1 դոլար:

Անհրաժեշտ որոշումներ ընդունելու համար խորհրդակցության արդյունքները կանդրադառնան ԵՏՀ խորհրդի հերթական նիստում, որը կկայանա մայիսի 28-ին, Նուր-Սուլթան քաղաքում: