Վաչագան Ղազարյանի հայցը բավարարվեց

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

Վաչագան Ղազարյան

ՀՀ վարչական դատարանը՝ դատավոր Գևորգ Սոսունյանի նախագահությամբ, այսօր բավարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ, ԱԱԾ ՊՊԾ պետի նախկին 1-ին տեղակալ Վարչագան Ղազարյանի հայցն ընդդեմ Բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովի։  
Դատարանը պարտավորեցրել է հանձնաժողովին ոչնչացնել Վաչագան Ղազարյանի և նրա կնոջ 2017 թվականի տարեկան և 2018 թվականի պաշտոնի դադարեցման հայտարարագրերը և հօգուտ Վաչագան Ղազարյանին բռնագանձել 4000 դրամ՝ որպես դատական ծախս։

Հիշեցնենք, որ 2018-ի սեպտեմբերի 5-ին  Վաչագան Ղազարյանի պաշտպանական խումբը հայց էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի՝ պահանջելով հանձնաժողովին պարտավորեցնել ոչնչացնել իր և կնոջ՝ Ռուզաննա Բեգլարյանի 2017թ. տարեկան ու 2018թ. պաշտոնի դադարեցման հայտարարագրերը: Ըստ հայցվոր կողմի՝   Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը 2018թ.-ի ապրիլի 9-ից հետո  իրավունք չուներ Վաչագան Ղազարյանի հայտարարագրերը հրապարակել, քանի որ Սահմանադրական փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո, ՊՊԾ գնդի պետի տեղակալը դադարել է պաշտոնատար անձ լինելուց։ 

Հիշեցնենք, որ Վաչագան Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.3 հոդվածով և 310.1-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու, ինչպես նաև ապօրինի հարստանալու համար։ Ըստ քննության տվյալների՝ Ղազարյանը չի հայտարարագրել 1 միլիոն 272 հազար 900 դոլար, 218 հազար եվրո և 460 միլիոն դրամի գույք: