Որևէ մեկը չի ասել, որ Ծառուկյանը խոշոր ձեռնարկատեր չէ․ Լիլիթ Մակունց

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 17, 24News

Մակունց

ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու և այդ առնչությամբ ՀՔԾ կայացրած որոշմանը, վստահեցրել է, որ օրենսդիր և գործադիր մարմնի կողմից որևէ միջամտություն չի կարող լինել դատական մարմնի և իրավապահ մարմինների աշխատանքներին: 

Ըստ Մակունցի՝ անընդունելի է քաղաքական որոշումներ վերագրել իրավապահ մարմինների եզրակացություններին։

«Բնականաբար, դրան բացասաբար եմ վերաբերում: Նման բան չի կարող լինել և տեղի չի ունենա», - ասել է Մակունցը և հավելել, որ խմբակցությունում իրավապահ մարմինների աշխատանքի հետ կապված քննարկում չի ունեցել:

«Սխալ է ժամանակավոր հանձնաժողովի կարգավիճակով կամ տեսքով քննել խնդիրը, և  մեզ համար առաջնային է հնարավորինս շուտ ունենալ մշտական էթիկայի հանձնաժողով, որպեսզի նման հարցերը որևէ կերպ քաղաքական որոշման հետևանք չլինեն, այլ իրենք միանգամից բոլոր նմանատիպ հարցերը՝ դա կվերաբերի թե՛ ԲՀԿ-ին, թե՛ «Լուսավոր Հայաստան», թե՛ «Իմ քայլը» խմբակցություններին, հենց միանգամից էթիկայի հանձնաժողովը քննի»,- ասել է Մակունցը:

Հարցին՝ ԱԺ-ում Ծառուկյանին այլևս չե՞ն հիշեցնելու, որ գործարար է կամ օլիգարխ, Մակունցը պատասխանել է․ «Օլիգարխի հետ կապված բավականին մանրամասնել ենք այս թեման, թե կառավարության կողմից է հնչել արձագանք, թե վարչապետն է ասել, թե օրենսդիր մարմինը:

Մենք ասել ենք, որ չկա փոքրամասնության կողմից ճնշում փոքրամասնության վրա: Խոշոր ձեռնարկատեր լինելու հետ կապված որեւէ մեկը բացասական կարծիք չի հայտնել, կամ չի ասել, որ Գագիկ Ծառուկյանը խոշոր ձեռնարկատեր չէ: Մենք խոսել ենք օլիգարխիայի մասին, թե արդյոք իշխանության վրա լծակներ կարո՞ղ են ունենալ, թե՞՝ ո՛չ: Այս առումով՝ ո՛չ: Մնացածը դիտարկում ենք իրավական ու օրենսդրական դաշտում», - ասել է Մակունցը:

 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս