ՀՀ և ՉԺՀ կրթության նախարարները քննարկել են բժշկական համալսարանների համագործակցության հարցը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 17, 24News

.

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Պեկինում հանդիպել է  Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կրթության նախարար Չըն Բաոշընի հետ։ Հանդիպմանն, ի թիվս այլոց, քննարկվել է Հայաստանի և Չինաստանի տեխնոլոգիական և բժշկական համալսարանների համագործակցության հարցը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, հանդիպման սկզբում նախարար Չընը շնորհակալություն է հայտնել Արայիկ Հարությունյանին ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ՉԺՀ կառավարության կազմակերպած «Արհեստական բանականություն և կրթություն» միջազգային համաժողովին մասնակցելու և նոր ձևաչափի հիմնադիրներից դառնալու համար։ Չընի խոսքով՝ Հայաստանի և Չինաստանի հարաբերություններն այս ոլորտում դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր դինամիկ զարգացում են ունեցել։

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, իր հերթին շնորհակալություն հայտնելով համաժողովին հրավիրելու և բարձր մակարդակի ընդունելության արժանացնելու համար, ընդգծել է այն հսկայական առաջընթացը, որը Չինաստանն արձանագրել է կրթության ոլորտում արհեստական բանականության տեխնոլոգիաների կիրառման առումով։ Ըստ նախարար Հարությունյանի՝ հայ-չինական հարաբերությունները ներկայում լուրջ ներուժ ունեն։ Նա գոհունակություն է հայտնել Երևանում Հայ-չինական բարեկամության դպրոցի հիմնադրման վերաբերյալ: Անդրադառնալով Հայաստանում չինական մշակույթի և կրթության հանրահռչակման հարցում Կոնֆուցիուսի ինստիտուտի դերակատարմանը` նախարարը կարևորել է չինական կողմի պատրաստակամությունն ինստիտուտի հնարավորությունների ընդլայնման հետ կապված:

Նախարար Չընն առաջարկել է համագործակցել արհեստական բանականության ուսումնասիրությունների հարցում՝ ընդգծելով չինական կողմի պատրաստակամությունն աջակցելու տեխնոլոգիաների զարգացման գործում։

Երկու նախարարները քննարկել են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՉԺՀ ղեկավարության հանդիպման ընթացքում արծարծված՝ Հայաստանում չինարենի՝ որպես օտար լեզվի դասավանդման ընդլայնման հնարավորությունը: Այդ համատեքստում նախարար Արայիկ Հարությունյանն առաջարկել է իրականացնել փորձնական ծրագիր: Նախարար Չընն իր հերթին Չինաստանի կրթության նախարարության անունից պատրաստակամություն է հայտնել առաջարկվող ծրագրին  աջակցել Հայաստանի մասնագետների գործուղման և վերապատրաստումների հարցում։