Քննարկվել են մշակույթի ոլորտում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

1

Մայիսի 17-ին ՀՀ մշակույթի նախարարությունում տեղի է ունեցել Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Տիգրան Գալստյանի և Բելառուսի մշակույթի նախարարի տեղակալ Սերգեյ Շերեմետևի, Բելառուսի մշակույթի նախարարության միջազգային համագործակցության և տեղեկատվական աջակցության բաժնի խորհրդատու Վիկտորիա Վալչուկի և ՀՀ-ում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկի հանդիպումը:

Ինչպես տեղեկացնում են նախարարության լրատվական ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են մշակույթի ոլորտում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:

Հայաստանի և Բելառուսի միջև բարեկամական հարաբերությունները երկար տարիների պատմություն ունեն և մշակույթի ոլորտը փոխգործակցության առավել հաջող ոլորտներից մեկն է հանդիսանում: Դրա մասին են վկայում վերջին տարիներին կազմակերպված փոխադարձ մշակույթի օրերը և լայնամասշտաբ ցուցադրությունները, մասնավորապես` Բելառուսի ազգային գեղարվեստի թանգարանում 2017 թվականին Փարավոն Միրզոյանի՝ «Հայկական ուրվապատկեր», և 2018 թվականին՝ «Հայկական գունապնակ» խորագրի ներքո ցուցահանդեսները, 2018 թվականին Երևանում Յանկա Կուպալայի՝ «Դեպի լեռների և սրընթաց գետերի երկիր…» խորագրով ցուցահանդեսը:

Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Տիգրան Գալստյանը հույս հայտնեց, որ «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Բելառուսի Հանրապետության մշակույթի նախարարության միջև 2019-2022 թթ. համագործակցության մասին» ծրագրի հիման վրա ս. թ. մայիսի 16-19-ն անցկացվող Հայաստանում Բելառուսի մշակույթի օրերի ծրագիրը հաջող ընթացք կունենա, իսկ  մայիսի 17-ին կայանալիք բելառուսական արվեստի վարպետների գալա համերգը մեծ ուրախություն կպարգևի հայ հանդիսատեսին ու առաջիկա օրերի ընթացքում բազմաթիվ այցելուներ կմասնակցեն բելառուս ժողովրդի մշակութային ժառանգության յուրօրինակ բազմազանության և հարստության ցուցադրությանը նվիրված միջոցառումներին: