«Կեղծ և ակնհայտ զրպարտող հոդված է»․ Կոտայքի մարզպետը պահանջում է հերքել հրապարակումը

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 18, 24News

1

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել մամուլում տեղ գտած հրապարակումների մասին։ Գրառումը՝ ստորև․

«Քիչ առաջ «Փաստ» լրատվականը, ապա նաև` մի շարք լրատվականներ, հղում անելով նույն «Փաստ» ֊ին, առանց միմյանց հերթ տալու, տիրաժավորեցին ինտերնետային տիրույթում մի ԿԵՂԾ և ակնհայտ ԶՐՊԱՐՏՈՂ հոդված, որում նշում են, թե իբր եղբայրս Աբովյանի ռեստորաններից մեկում «ճաշել է և հրաժարվել է դրա դիմաց վճարել»։

Այս լուրը իմ, մերձավորներիս և Աոովյանում գործող քաղաքական թիմիս դեմ վերջին օրերին իրականացվող տեղեկատվական արշավի մաս է կազմում` նպատակ ունենալով սադրանքների, զրպարտանքի և ապատեղեկատվության միջոցով հանրության շրջանում արատավորել իմ և ինձ հետ փոխկապակցված անձանց անունները` ընդառաջ Աբովյանի քաղաքապետի ընտրությունների։

Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ. սույն «լրատվական» կոչվածի հեղինակած «լուրը» ԿԵՂԾ, ՇԻՆԾՈՒ և իրականության հետ որևէ ԱՂԵՐՍ ՉՈՒՆԵՑՈՂ «լուր» է, որը կոչված է զրպարտելու եղբորս և ինձ` արատավորելով մեր բարի համբավը հանրության աչքին։

Ըստ այդմ` ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՄ իսկույնևեթ ՀԵՐՔՈՒՄ տարածել (օրենքով սահմանված կարգով)։

Իսկ այն լրատվամիջոցներին, որոնք առանց «լուրի» իսկությունը ճշտել փորձ իսկ անելու, առանձնակի ջանքով տարածել են այն, առաջարկում եմ այժմ նույն ոգով տեղադրել նաև ՀԵՐՔՈՒՄՍ։

«Փաստ»֊ի կողմից հերքում չտարածելու պարագայում երկուշաբթի օրն անմիջապես ձեռնամուխ կլինեմ դատարան դիմելու` հերքման, ներողության, գուցե նաև` բարոյական վնասի փոխհատուցման պահանջով։

Իսկ ձեր պատվիրատուներին հիշեցնում եմ ևս մեկ անգամ` ժողովրդի հաղթանակն անկասելի նաև Աբովյանում, և ձեր ծախու հիդվածագրերով և զրպարտող ու սադրիչ «տեխնոլոգիաներով» մեր թիմին ավելի ու ավելի եք մոտիվացնում` մեկընդմիշտ անջրպետելու ձեզ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններից, որպեսզի վերջնականորեն ձևավորենք ՕՐԵՆՔԻ գերակայություն և նոր կառավարման մշակույթի հարթության մեջ հետագայում բացառենք որևէ ծախու գրչակի կողմից երբևէ հանրային կարծիք ձևավորելու ցանկացած պահանջ ու փորձ ձեր նմանների կողմից։

Շնորհակալություն»։

Ավելի վաղ «Փաստ» թերթը գրել էր․ «Նախօրեին տեղեկատվություն տարածվեց, որ Կոտայքի մարզպետի եղբայրը մի քաղաքացու ծեծի է ենթարկել՝ պատճառելով բավականին լուրջ վնասվածքներ: Քաղաքացին հայտնել է, որ նա երկար ժամանակ հետևել է իրեն, տարբեր սպառնալիքներ տեղացել իր հասցեին:

Այս դեպքից հետո «Փաստ» թերթին մի քանի ուշագրավ տեղեկություններ հասան մարզային նորահայտ «Սաշիկի» (ինչպես նրան արդեն սկսել են որակել մարզում) պահվածքից: Ըստ թերթի տեղեկությունների, օրեր առաջ զավեշտալի միջադեպ է գրանցվել Աբովյանի ռեստորաններից մեկում: Իր շքախմբով հաց ուտելու է մտնում Կոտայքի մարզպետի նույն այս եղբայրը:

Փոքր-ինչ գինովցած երիտասարդները պահանջում են հաշիվը: Այն ստանալուց հետո մարզպետի եղբայրը ցուցադրաբար պատռում է հաշիվն ու խրոխտ տոնով հայտարարում, որ ինքը մարզպետի եղբայրն է և «հաշիվ չունի փակելու»: Մեր աղբյուրները հայտնում են, որ որոշակի բացատրական աշխատանքներից հետո, այնուամենայնիվ, մարզպետի եղբայրը գումարը վճարում է»: