ԵՊՀ 100-ամյակի առթիվ լավագույն ուսանողներն արժանացան 50 հազ դրամաչափ անվանական կրթաթոշակի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

քայլ

«ԵՊՀ լավագույն ուսանող» ամենամյա մրցանակաբաշխության շրջանակում այս տարի ևս պարգևատրվեցին Մայր բուհի լավագույն ուսանողները: ԵՊՀ-ի հոբելյանական 100 և ՈՒԽ-ի 25-րդ տարեդարձի առթիվ համալսարանի գիտական խորհուրդը որոշեց ավանդական բրոնզե հուշամեդալից զատ, լավագույն ուսանողներին արժանացնել 50 հազար դրամաչափով անվանական կրթաթոշակի: Մրցանակաբաշխության արարողությանը հաջորդեց տոնական համերգը` Սոնա Ռուբենյանի և Գարիկի մասնակցությամբ:

Լավագույն ուսանողների ընտրությունը կազմակերպվել է «Լավագույն ուսանող» մրցանակաբաշխության կանոնակարգի համաձայն: Գործընթացը խիստ կանոնակարգված էր, ուսանողները կարող էին ինքնաառաջադրվել: ԵՊՀ-ի լավագույն ուսանող կոչմանն արժանանալու համար ուսանողները ներկայացնում են համապատասխան հայտն ու դրան կից անհրաժեշտ փաստաթղթեր: Ըստ ներկայացված փաստաթղթերի` յուրաքանչյուր ֆակուլտետից ընտրվում է երեք ուսանող: Եռյակը հրավիրվում է հարցազրույցի, որի հանձնաժողովը բաղկացած է ռեկտորատի շուրջ 7-8 անդամներից, ֆակուլտետի դեկանից, ֆակուլտետի ուսանողական խորհրդի ներկայացուցչից, ուսանողական գիտական ընկերության նախագահից և այլն:

«ԵՊՀ լավագույն ուսանող» արարողության մեկնարկը տվեց համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը: Նրա խոսքով՝ ամբողջ տարին հագեցած է լինելու տոնակատարություններով. «Ցանկանում են շնորհավորել Մայր բուհի բոլոր սաներին, մեծ ուրախություն է ԵՊՀ-ի ուսանող լինելը: Մենք բոլորս ունենք համալսարանի պատիվը բարձր պահելու պարտավորությունը»։