«Իրավական ուղի» ՀԿ-ն անդրադարձել է պատգամավոր Հայկ Սարգսյանի հայտարարությանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 18, 24News

Իրավական ուղի

«Իրավական ուղի» հասարակական կազմակերպությունն անդրադարձել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հայտարարությանը՝ ընդգծելով, թե ինչպիսի քայլեր պետք է հաջորդեն դրան։

ՀԿ-ի տարածած հայտարարությունում ասվում է.

«Այսօր առավոտյան ՀՀ ԱԺ իշխող խմբակցության պատգամավորը հրապարակավ մտահոգիչ տեղեկություն է հայտնել այն մասին, որ հանրային մեծ հնչեղություն ունեցող գործ քննող դատավորը «ենթարկվում է ճնշումների»՝ որպես դրան արձագանք, փաստացի նախաձեռնելով հավաք դատարանի վարչական շենքի առջեւ։

Նման պատասխանատու հայտարարություն նման պատասխանատու քաղաքական պաշտոն զբաղեցնող անձի կողմից հնչեցնելը լիարժեք հիմք է, որ անհապաղ հարուցվի քրեական գործ Քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածով («Արդարադատության իրականացմանը եւ քննությանը խոչընդոտելը»)՝ պարզելու համար թե ինչպիսի ճնշումների է, պատգամավորի պնդմամբ, ենթարկվել դատավորը, որտեղից նրան այդպիսի տեղեկություն, ով է ճնշում գործադրողը։

Եթե քրեական գործի շրջանակներում հաստատվի ճնշումների փաստը, ապա պետք է լրացուցիչ պարզել՝ արդյոք դատավորը կատարել է Դատական օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով ամրագրված պարտականությունը՝ իր գործունեության նկատմամբ ցանկացած միջամտության պարագայում այդ մասին իրազեկել Բարձրագույն դատական խորհրդին։

Միեւնույն ժամանակ, եթե իշխող քաղաքական ուժը ներկայացնող պատգամավորի ներկայացրած պնդումը չհաստատվի, անհրաժեշտ է Քրեական օրենսգրքի նույն հոդվածով նախատեսված արարքի համար քրեական հետապնդում իրականացնել հենց այդ պատգամավորի նկատմամբ»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է «Դեմ եմ Հանրապետականին» գրառումը, որով կոչ է արվում այսօր ժամը 13:00-ից հավաքվել Նոր Նորքի դատարանի մոտ: Սակայն ավելի ուշ նա իր գրառումը հեռացրել է՝ թողնելով միայն «շեյրը»՝ հաշվի չառնելով, որ դա շատերն արդեն «սքրին շոթ» են արել:

«Դեմ եմ Հանրապետականին» ֆեյսբուքյան էջում, մասնավորապես, ասվում է.

« Տեղեկություններ կան, որ Ռոբերտ Քոչարյանի դատավորը ենթարկվում է ճնշումների եւ այսօր ցանկանում է փոխել նրա խափանման միջոցը:

Չի կարելի թույլ տալ, որ Երեւան քաղաքը տանկերով գրաված, 10 քաղաքացիների կյանք խլած, հազարավոր մարդկանց ճակատագրեր խեղած մարդուն ազատ արձակեն Ղարաբաղի 2 նախագահների երաշխավորությամբ եւ 20-30 աջակիցների կողմից դատարանի բակում «Ազատություն հերոսին» ակցիաների ճնշման տակ:

Միմիայն ժողովրդի ստվար զանգվածը, նրա ահագնացող ցասումը եւ պատժի անխուսափելիությունը կստիպեն դատավորին արդար որոշում կայացնել:

Այսօր ժամը 13:00 բոլորս դեպքի Նոր Նորքի դատարան»: