Ալկոհոլի ազդեցության տակ գտնվող կինը կոտրած ապակու բեկորով ինքնավնասվել էր «Տաշիր»-ի մոտ

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 18, 24News

ապակի

Ոստիկանությունը պարզաբանում է տարածել մայիսի 17-ի կեսգիշերին «Տաշիր» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ: Ոստիկանության հաղորդագրությունը՝ ստորև․

«Մայիսի 17-ի կեսգիշերին մայրաքաղաքի Տիգրան Մեծի պողոտայի և Երվանդ Քոչարի փողոցի խաչմերուկում միջադեպ էր եղել, որի տեսագրությունը հայտնվել էր համացանցում:

Տարաբնույթ մեկնաբանություններից խուսափելու համար ոստիկանությունն անհրաժեշտ է համարում պարզաբանել կատարվածը:

Մայիսի 18-ին՝ ժամը 01։00-ին, ոստիկանության Երևանի վարչության ՊՊԾ գնդի ոստիկանը զեկուցագիր է ներկայացրել, որ ծառայության ընթացքում, հիշյալ խաչմերուկի մոտ նկատել են ճանապարհի երթեւեկելի հատվածում նստած մի կնոջ։ Մոտեցել և փորձել են նրան երթևեկելի հատվածից դուրս հրավիրել։ Կինը, ակնհայտ լինելով ալկոհոլի ազդեցության տակ, չի ենթարկվել ոստիկանների օրինական պահանջին, անհարգալից վերաբերմունք է դրսևորել հասարակության նկատմամբ, կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, հայհոյանքներ է հնչեցրել, իսկ ձեռքում պահած կոտրած ապակու բեկորով վնասել է մարմնի տարբեր հատվածները։

Կինը տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Դեպքի առթիվ խուլիգանության հատկանիշներով նյութեր են նախապատրաստվել:

Հանգամանքները պարզվում են: Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 17-ին՝ ժամը 23:38-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծ պողոտայում գտնվող Տաշիր առևտրի կենտրոնի մոտակայքում քաղաքացին վնասել է իրեն՝ կտրելով դաստակի երակները: 

Պարզվել է, որ անձը չպարզված կինը (մոտ 45 տարեկան) վնասել է իրեն՝ կտրելով վիզը: Փրկարարները քաղաքացուն մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է «Հերացի» 1 հիվանդանոցային համալիր: