Իշխանության ներկայացուցիչները պետք է զսպվածություն ցուցաբերեն․ Արա Զոհրաբյան

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 18, 24News

Արա

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ մեջբերելով ՀՀ դատական օրենսգրքից․

«ՀՀ դատական օրենսգրքի 7-րդ հոդվածի 3-րդ մասը հստակ սահմանում է, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինները և պաշտոնատար անձինք պարտավոր են ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են վտանգել կամ վնասել դատարանի կամ դատավորի անկախությունը:

Եթե Ռոբերտ Քոչարյանը մեղավոր է իրեն մեղսագրված արարքներում, ապա պետք է պատասխանատվության ենթարկվի: Բայց մեղավորության հարցը պետք է լուծի ՄԻԱՅՆ անկախ դատարանը՝ մրցակցության, կողմերի հավասարության, անմեղության կանխավարկածի և այլ սկզբունքների պահպանմամբ իրականացված դատավարության արդյունքով:

Հակառակ դեպքում, այդ գործընթացը կվերածվի վրեժխնդրության ակտի, դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով: Իշխանության ներկայացուցիչները պետք է զսպվածություն ցուցաբերեն դատարանի հասցեին կոնկրետ գործով արտահայտվելու ժամանակ: Դատարանի գործունեությանը չի կարող միջամտել նաև հասարակությունը»,- գրել է Զոհրաբյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը իր ֆեյսբուքյան էջի միջոցով քաղաքացիներին կոչ էր արել մայիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, գնալ Նոր Նորքի դատարան, որտեղ քննվում է Քոչարյանի խափանման միջոցը։

«Տեղեկություններ կան, որ Ռոբերտ Քոչարյանի դատավորը ենթարկվում է ճնշումների և այսօր ցանկանում է փոխել նրա խափանման միջոցը: Չի կարելի թույլ տալ, որ Երեւանը տանկերով գրաված, 10 քաղաքացիների կյանք խլած, հազարավոր մարդկանց ճակատագրեր խեղած մարդուն ազատ արձակեն Ղարաբաղի 2 նախագահների երաշխավորությամբ եւ 20-30 աջակիցների կողմից դատարանի բակում «Ազատություն հերոսին» ակցիաների ճնշման տակ:

Միմիայն ժողովրդի ստվար զանգվածը, նրա ահագնացող ցասումը եւ պատժի անխուսափելիությունը կստիպեն դատավորին արդար որոշում կայացնել: Այսօր՝ ժամը 13:00-ին, բոլորս դեպի Նոր Նորքի դատարան», -գրել էր Հայկ Սարգսյանը։