Գեղարքունիքի մարզում «Ուազ»-ը գլորվելով հայտնվել է դաշտում. կա 1 զոհ, 1 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

1

Այսօր՝ մայիսի 18-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 09։50-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Նորակերտ գյուղի բնակիչ՝ 80-ամյա Ղուկաս Սարգսյանը իր վարած «Ուազ» մակնիշի 29 ՕԼ 299 համարանիշի ավտոմեքենայով Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս-Փոքր Մասրիկ ավտոճանապարհի՝ Փոքր Մասրիկ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել դաշտում, հայտնում է shamshyan.com-ը։

1

Ինչպես հայտնում է աղբյուրը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր՝ վարորդի համագյուղացի, 77-ամյա Ջուլիետա Սարգսյանը տեղում մահացել է, իսկ վարորդ Ղ. Սարգսյանը տեղում առաջին բուժօգնությունն է ստացել Վարդենիսի հիվանդանոցի բժիշկների կողմից, այնուհետև սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխվել է Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի գկխավորությամբ։ 

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Վարդենիսի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սամվել Գալստյանի գլխավորությամբ։

Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Սուրեն Ամիրխանյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Աղբյուրի  տեղեկություններով՝ մահացածը վարորդի կինն էր։