Գրառմանս համար ենթարկվում եմ տեռորի․ ԱՀ բնապահպանության նախարարության խոսնակ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

1

Իմ մեղքով վատ վիճակում է հայտնվել նաեւ նախարարությունը, որը ներկայացնում եմ, ուստի եւ որոշել եմ թողնել Բնապահպանության եւ բնական ռեսուրների նախարարության մամուլի խոսնակի պաշտոնը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության եւ բնական ռեսուրների նախարարության մամուլի խոսնակ Բելլա Լալայանը:

Գրառումը՝ ստորև.

«Եվ այսպես: ՖԲ իմ անձնական էջում իմ անձնական կարծիքն արտահայտելու համար քանի օր է՝ երկու պետությունների իշխանությունների կողմից ենթարկվում եմ, բառիս բուն իմաստով, տեռորի, սպառնալիքներ՝ ընդհուպ մինչեւ ֆիզիկապես ոչնչացման, ահաբեկելու ու ճնշելու փորձեր: Եվ դա խոսքի ազատության, ժողովրդավարություն հռչակած երկրում...

այս հանգամանքին դեռ անդրադառնալու եմ...

Իմ մեղքով վատ վիճակում է հայտնվել նաեւ նախարարությունը, որը ներկայացնում եմ, ուստի եւ  որոշել եմ թողնել բնապահպանության եւ բնական ռեսուրների մամուլի խոսնակի պաշտոնը:

Օրեր առաջ գրել էի, որ իմ պայքարի ոչ աղքատ փորձի ճանապարհին ես շատ ու ավելի կարեւոր բաներից եմ հրաժարվել իմ տեսակետը, դիրքորոշումը եւ խոսքը պաշտպանելու համար:

Հայտարարում եմ. տականքն ամեն ուղղությամբ արտոնություն է ստացել, խոսքի ազատությունը հակապետական ու ապազգային թափոնինն է: Բոլորս աչքի առաջ հեղինակազրկվում են հերոսներ, ոչնչացվում են գաղափարներ, որոնց համար 30 տարի կյանքից խաղաղություն ենք ճանկռտում՝ հազարավոր կյանքեր մատաղ անելով ապրելու իրավունքին, ոտատակ են տալիս սրբության սրբոց նպատակը, հանուն որի՝ 30 տարի առաջ համախմբվեց աշխարհասփյուռ հայությունը ուրանում է հաղթանակը, որը ցեղասպանված ժողովրդի բարդույթն ուղարկեց անցյալ:

Բոլորիս աչքի առաջ խոցելի վիճակում են մարդիկ, ովքեր հավատարիմ են պետությանը, պետական գաղափարախոսությանը, ազգային արժեհամակարգին»:

Նշենք, որ ավելի վաղ նա ֆեյսբուքի իր էջում գրել էր. «Բակո Սահակյանը եւ Արկադի Ղուկասյանն այսօր պիտի ներկայանան դատական նիստին, որպեսզի երաշխավոր կանգնեն Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու հարցում: Կարեւորն այն է, որ պետության ու ազգային բոլոր արժեքները անխնա ոչնչացնող Նիկոլ Փաշինյանի Իջեւանի խոզերի, Չինաստանի բադերի, Քյավառի փախլավայի ու իր դստեր մասին լայնամասշտաբ քարոզը շարունակվում է ...

Փոխվել են արժեքները. անասունի նման կերեք ու գնացեք զուգարան՝ սա է կյանքի իմաստը»: