Խնդրում եմ բոլոր կողմերին ցուցաբերել հանդուրժողականություն․ ՄԻՊ-ի հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

1

2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններին առնչվող դատական վարույթի հետ կապված գործընթաները գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության կենտրոնում։ Հաշվի առնելով այդ իրադարձությունների զարգացման ընթացքը՝ Պաշտպանը հարկ է համարում արձանագրել.
 

1. Երկրում պետք է երաշխավորված լինի պետական իշխանության իրականացումը Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա: Այդ իշխանություններից յուրաքանչյուրը պետք է հարգանքով վերաբերվի մյուսին և առաջնորդվի միայն իրեն վերապահված կարգավիճակի հրամայականով ու սահմաններով:
 
2. Դատական արդյունավետ իշխանությունը պահանջում է դատարանի և դատավորի լիարժեք անկախություն ինչպես օրենսդիրից ու գործադիրից, ցանկացած այլ մարմնից կամ պաշտոնատար անձից, այնպես էլ միջամտության բացարձակ արգելք դրանցից դուրս որևէ այլ մեկից կամ անձից: Օրենքը դատարանին պարտավորեցնում է անկողմնակալ վերաբերմունք ցուցաբերել՝ անկախ քննվող գործի բնույթից կամ ցանկացած այլ ճնշումից կամ ճնշման փորձից:
 
Պետք է հստակ գիտակցել, որ դատավորի կողմից քննվող գործը կամ նրա քննությանը ներկայացված հարցը միշտ կոնկրետ է, որի լուծումը պետք է տա ինքը դատարանը՝ հիմք ընդունելով հենց այդ կոնկրետ գործի հանգամանքները։
 
Բոլոր հարցերը պետք է լուծվեն օրենքով նախատեսված իրավական պատշաճ ընթացակարգի շրջանակներում։
 
3. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի նպատակային դիտարկումը ցույց է տալիս, որ համացանցում ու հատկապես սոցիալական ցանցերում բարձր է անհանդուրժողականությունը, հնչում է ատելության խոսք, առկա են սպառնալիքներ ու անգամ բռնության կոչեր։

4. Հանրային պաշտոն զբաղեցնող և հանրային գործունեություն ծավալող անձինք հատկապես պարտավոր են խստորեն պահպանել երկրի Սահմանադրությամբ, օրենքներով կամ իրավական մյուս ակտերով իրենց վերապահված իրավական կարգավիճակի սահմանները և սեփական վարքագծի օրինակով նպաստել համերաշխության մթնոլորտի ու փոխադարձ հարգանքի երաշխավորմանը:
 

Խնդրում եմ բոլոր կողմերին ցուցաբերել հանդուրժողականություն՝ ելնելով դատական վարույթի բնականոն ընթացքի և համերաշխություն ապահովելու անհրաժեշտությունից։
 
 
Արման Թաթոյան
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան

 

Տեսանյութեր

Live

Լրահոս