Արմավիրում ավտոլվացման կետի աշխատակիցը փորձել է ինքնասպան լինել

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 18, 24News

.

Արմավիրի մարզում, այսօր մայիսի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 17:00-ի սահմաններում, ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ մի երիտասարդ կյանքին վերջ տալու նպատակով Արմավիր քաղաքի՝ ժողովրդին հայտնի «Կարմիր կամուրջից» փորձում է իրեն ցած նետել:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, դեպքի վայր եկած ոստիկանները կարողացել են կամրջի վտանգավոր եզրագիծն անցած քաղաքացուն համոզել, որ չդիմի այդ ծայրահեղ քայլին:

Նրան տեղափոխել են ոստիկանության Արմավիրի բաժին:

Աղբյուրի տեղեկություններով, այդ քաղաքացին Շիրակի մարզում հաշվառված, սակայն ժամանակավորապես Արմավիր քաղաքում բնակվող 29-ամյա Մ.Ս.-ն է: նա աշխատում է Արմավիրի ավտոլվացման կետերից մեկում, սակայն խնդրել է այդ կետի սեփականատեր 40-ամյա Ռոլանդ Հ.-ին, որ այլեւս չի ցանկանում աշխատել ավտոլվացման կետում, ինչից հետո վերջինս ծեծի է ենթարկել Մ.Ս.-ին: Դրանից հետո էլ նվաստացած զգալով, նա փորձել է կամրջից ցած նետվելով, ինքնասպան լինել:

Աղբյուրի տեղեկություններով, ավտոլվացման կետի սեփականատերը ինքնակամ ներկայացել է ոստիկանության Արմավիրի բաժին եւ կատարվածի մասին հետաքննչական բաժանմունքում բացատրություն է տվել: Փաստի առթիվ ոստիկանության Արմավիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: