«Իներցիոն փուլի սկիզբը կամ ականջդ բեր ասեմ»

 

Շները կրկին ետ են դառնալու իրենց փսխածին և լողացրած խոզերը կրկին թավալվելու են ցեխի մեջ։ 

Բ. Պետրոս 2։22

Nikol Pashinyan

Նիկոլ Փաշինյանը հատեց վարչապետության մեկ տարվա սահմանագիծը և ասուլիսով փռեց իր կարծիքը հանրության առջև: Գրեթե անսխալ ու ստանդարտ պրեսկոնֆերանսի գնահատականը դրական երանգով անցավ, բայց..: Ոչ սովորական հաղթանակը չի պահանջում հասարակ ընթացք այլ հակառակը` պարտադրում է օրիգինալ լուծումներ, վարակիչ մթնոլորտ: Հեղափոխությունը առանց գաղափարների և օրակարգի մեկ գործողության ներկայացում է` իշխանափոխություն, մինչդեռ ռեվոլուցիան պերմանենտ ընթացքի տրամաբանություն ունի: Այսինքն գաղափարական նպատակը պետք է իրագործվի փուլերով` մինչև վերջ: Նիկոլ Փաշինյանը, լինելով ավելի շուտ պրագմատիկ գործիչ, քան թե ավելի շատ գաղափարական քաղաքական դեմք լուծեց իշխանափոխության հարցը տարիներ առաջ Շանթի (Հարությունյան) ասած ձևակերպումով. «Այ թե սամթը գցեմ֊կվերցնեմ իշխանությո՜ւնը»: Իշխանություն դառնալուց հետո իշխանափոխականները երկու գույնով են վառվում. Նիկոլի քաղաքական մարմնի շարժումները և թիմի պոտենցիալազուրկ տպավորությունը: Նախկինները դեռևս մեկ դեմք կամ ճամբար չունեն: Կա մեղադրյալ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով իշխանության տապալման և քաղաքական ակտիվության հայտ է ներկայացրել և ում հնարավորությունները կարճաժամկետ կտրվածքում կարճ են, իսկ երկարատևում` մշուշոտ: Քոչարյանը ունենալով դաշտային հրամանատարի ինքնագիտակցական (բոլորն իմ դեմ են) և լինելով ճգնաժամային և էվոլուցիոն իրավիճակների վարպետ` պետք է ձգտի կրիզիսային սիտուացիանների (պատերազմ, ներքին անկայունություն, արտաքին միջամտություն), որպեսզի իր տեսակի պահանջը զգացվի: Սերժ Սարգսյանն ունի ընդհանուր անթաքացույց պահվածք, բայց ոչ բացահայտ քաղաքական վարքագիծ: Լինելով համբերատար և մտքերն, նպատակները ծածուկ պահելու հատկությունների տեր` նրա դերը դեռ բացահայտ չի: Ընդդիմություն տրանսֆորմացված նախկիներից մնացածը ուշադրության արժանի բան չեն արել: Կա վակում, որը գնալով ակնհայտ է դառնում, որը չեն կարող լցնել ոչ փաշինյանականները, ոչ անցած իշխանականները: Վերջինները սպառված են` շեշտը դնում են միայն գործող իշխանության սխալների փափագի ու սայթաքման հրճվանքի վրա, գործողների նեղ շրջանակը` օրակարգազուրկ: Ինչ անել: Երաշխավորության ներքո խափանման միջոցի փոփոխություն ստացած Քոչարյանը կմոբիլիզացնի բոլորը ուժերը` այսինքն, կարճ ժամանակի մեջ կհավաքագրի հետևորդների բանակը, ջրի տակից դուրս կհանի բոլորին: Նրա իրավական կարգավիճակը փոխվեց ղարաբաղյան թևում լարվածությունը նվազեցնելու, ռուսական կողմին ռեվերանս անելու, դատական մակերեսում լոկալ ապակայունությունը չեզոքացնելու դրդապատճառներով: Իշխանությունը ունի հետևյալ հաշվարկը` բաց դաշտ տալ Քոչարյանին գործելու ու սայթաքելու: Եթե Փաշինյան Նիկոլը անկում ապրի այս փուլում, ապա հավակնորդ կդառնան նրան, ովքեր իրենց տակ ունեն ստրուկտուրալ բաղադրիչներ` նախկիները: Իրավիճակը մտահոգիչ է: Գործող վարչապետը կարիք ունի օգնության: Հետաքրքիր և օգտակար կլինի, եթե Փաշինյանը խորհրդակցական կապ հաստատի առաջին նախագահ Տեր-Պետրոսյանի հետ, ով արտաքին ու ներքին ոլորտներում հեռատես և միայն իրեն տեսանելի հուշումներ կանի: Ճիշտ կլինի, որ Նիկոլի գլխավորած իշխանությունը ավելի սերտ աշխատի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: ԵԱՏՄ գործող նախագահողը ինտելեկտուալ, պրոֆեսիոնալ, աշխատանքային փորձի մեծ պաշար ունի, հայեցակարգային մտածողություն, հեռնկարային գաղափարներ: Շարքը կարելի է շարունակել` հաշվի առնելով Նիկոլի թիմային թուլությունը: Արագացող անհրաժեշտություն կա ստեղծելու ինտելեկտուալ և հարվածային, ամբիցիոզ երրորդ ուժ, որը խարսխված կլինի 1988թ. Շարժման հայ քաղաքական նոր մտքի գաղափարների, Երրորդ Հանրապետության արժեհամակարգերի, հաջողությունների և հաղթանակների վրա: Հակառակում կսոսկանան ճամբարաբաժանումները Փաշինյանի և Քոչարյանի միջև, կգնան պետության ապակայունացման փորձեր, կմեծանա սահմանի լարվածությունը, հետ կընկնի զարգացումը: Դուռ կբացվի օխլոկրատիկ քաոսի համար: 

Ռուբեն Վարդանյան

պատմաբան