Վարչապետին կոչ ենք անում վերանայել դատարաններն արգելափակելու իր կոչը. «Լուսավոր Հայաստան»

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 20, 24News

1

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչի հետ կապված հայտարարություն է տարածել։

««Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ու ԱԺ խմբակցությունը հորդորում են ՀՀ վարչապետին վերանայել դատարաններն արգելափակելու իր կոչը։

Այս պարագայում խաթարվում է ՀՀ֊ում արդարադատության իրականացումը հազարավոր մարդկանց համար, խախտվում են նրանց սահմանադրական իրավունքները։ Հայաստանի Հանրապետությունն այդկերպ խախտում է իր իսկ կողմից վավերացրած միջազգային պայմանագրերով սահմանված մարդու իրավունքները՝ վիժեցնելով հեղափոխությունից հետո կուտակված իրավական պետություն կառուցելու ամբողջ ներուժը։

Գործադիր իշխանությունն՝ ի դեմս ՀՀ վարչապետի, արդեն մեկ տարի ուներ և այժմ էլ ունի դատական համակարգը օրինազանց դատավորներից մաքրելու և դատական իշխանության արդյունավետությունը բարձրացնելու գործնական բոլոր լծակները, ինչը մինչև այժմ չի արվել։ Կոչ ենք անում վարչապետ Նիկոլ Փաշինյանին վերանայել իր կոչը և ձեռնպահ մնալ դատարանների մուտքերը փակելու մտադրությունից, որպեսզի ՀՀ բոլոր քաղաքացիները կարողանան պաշտպանել և իրացնել իրենց սահմանադրական իրավունքները։

Նաև կոչ ենք անում ՀՀ ԱԺ նախագահին վաղը ևեթ հրավիրել արտահերթ նիստ` քննարկելու ստեղծված իրավիճակը։

Միևնույն ժամանակ վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը աջակցելու դատական համակարգի ինստիտուցիոնալ բարեփոխումներին, որի արդյունքում կունենանք լիարժեք գործող և ժողովրդի վստահությունը վայելող անկախ դատական համակարգ»