ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News
Բարձրագույն դատական խորհուրդը մայիսի 19-ին՝ ժամը 21։30-ին, հրավիրել է արտահերթ նիստ, որի ժամանակ քննարկվել է դատարանների շուրջ ստեղծված իրավիճակը: Այս մասին հայտնում է ԲԴԽ-ն:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ խորհուրդն արձանագրել է, որ նախապես ՀՀ վարչապետի մոտ մայիսի 20-ին՝ ժամը 12։00-ին, նշանակված է եղել խորհրդակցություն՝ նվիրված դատաիրավական բարեփոխումների հիմնախնդիրներին:
Հաշվի առնելով, որ վերահաստատվել է նշված խորհրդակցության անցկացումը և դրան նաև Բարձրագույն դատական խորհրդի նախագահի մասնակցությունը, Խորհուրդը հանգել է այն հետևությանը, որ.
1) ստեղծված իրավիճակի առնչությամբ ամբողջական դիրքորոշում արտահայտել խորհրդակցությունից հետո հրավիրվող նիստում,
2) անընդունելի համարելով դատարանների բնականոն գործունեության խաթարումը՝ խորհուրդը միաժամանակ կոչ է անում դատավորներին և դատական իշխանության բոլոր աշխատակիցներին դրսևորել ծայրահեղ զսպվածություն, բացառապես մնալ իրավական դաշտում: