Պատահական չէ, որ դատարանների դիրքորոշումը հաճախ է առաջացնում իշխանության զայրույթը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 19, 24News

Արթուր Ղամբարյան

Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Քննչական կոմիտեի նախագահի նախկին տեղակալ Արթուր Ղամբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Հարգելի՛ դատավորներ,

Հասարակության քաղաքական համակարգում դատարաններն ունեն կարևոր դերակատարություն և պատահական չէ, որ դատարանների դիրքորոշումը հաճախ է առաջացնում գործադիր իշխանության զայրույթը, հակադրությունը, իսկ առանձին դեպքերում նաև՝ կատաղի դիմադրությունը: Դատական իշխանության նկատմամբ բռնությունը և դրա կոչերը ծնվում են գործադիր և օրենսդիր իշխանության թուլությունից, դատական համակարգը՝ իրավունքի սկզբունքների հիման վրա բարեփոխելու սեփական անկարողությունից:

Այսօր հայկական դատական իշխանությունը գտնվում է ինքնապաշտպանության վիճակում: Հարգելի՛ դատավորներ, միայն ինստիտուցիոնալ ինքնապաշտպանական բնազդը կօգնի Ձեզ հաղթահարելու այս բարդ օրերը: Ցավոք, Ձեզ ոչ ոք այսօր չի օգնի, ձեր անվտանգությունը ոչ ոք չի ապահովի: Բայց Դուք ունեք մեծ իշխանություն ... :

Այս օրը հաղթահարելու դեպքում մենք կունենանք ուժեղ և, իրոք, անկախ դատական իշխանություն, դուք կվերականգնեք իրավաբանների կարիերայի ամենացանկալի պաշտոնի՝ դատավորի պաշտոնի կորսված հեղինակությունը:

Աջակցում եմ Սերժիկ Ավետիսյանին, Ալիկ Ազարյանին, Դավիթ Գրիգորյանին ... (անկախ որևէ գործով կայացված որոշմանը) Սա արդեն լիովին այլ իրավիճակ է:

Միանում եմ ՄԻՊ -ի հայտարարությանը: Ի դեպ, վերջին տարիներին Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունն այսքան «ողնաշարով» չի եղել, այսքան դիպուկ ու խիզախ չի եղել ...»։