Հայաստանի դատավորները պետք է ենթարկվեն վեթինգի․ Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 20, 24News

դատ

Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց դատական համակարգում փոփոխություններ իրականացնելու օրակարգը, որը, ըստ կետերի, ներկայացնում ենք ստորև․ 

«1. Հայաստանում գործող բոլոր դատավորները,առանց բացառության պետք է, ենթարկվեն վեթինգի։ Այսինքն՝ հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում և նախորդ շրջանում ծավալած գործունեության անհատական և պրոֆեսիոնալ հատկանիշների մասին։ 

2. Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներով հաստատված քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներով դատավճիռների հեղինակ բոլոր դատավորները պետք է հրաժարական տան, հեռանան կամ հեռացվեն պաշտոններից։ 

3. Բոլոր այն դատավորները, որոնք իրենց ներսում գիտեն, որ չեն կարող լինել անաչառ և օբյեկտիվ դատավորներ պետք է հրաժարական տան՝ այդպիսով կարևոր ծառայություն մատուցելով Հայաստանի Հանրապետությանը ու նրա ժողովրդին։

4. Հիմա արդեն անցումային արդարադատության մեխանիզմների ներդրումը կենսական անհրաժեշտություն է Հայաստանի Հանրապետության համար, և մենք պետք է 1-2 ամսվա ընթացքում ամփոփենք վերջին 7-8 ամիսներին մեր կատարած աշխատանքը։

5. Ազգային ժողովում պետք է տեղի ունենա համապատասխան օրենսդրական աշխատանք՝ մեր երկրի համար կենսական այս օրակարգը կյանքի կոչելու և Հայաստանում իրապես երաշխավորված անկախ դատական համակարգ ունենալու համար։ Եթե սրա համար անհրաժեշտ լինի իրականացնել սահմանադրական փոփոխություններ, մենք պետք է գնանք նաև այդ քայլին։ Եթե պետք լինի դա անել համաժողովրդական հանրաքվեով, մենք պետք է գնանք նաև այդ լուծումների։ Այս ողջ աշխատանքը, ընդ որում, պետք է տեղի ունենա այս ոլորտի միջազգային հեղինակավոր կազմակերպությունների հետ համագործակցության, միջազգային լավագույն փորձի և Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակներում»,-ասել է Նիկոլ Փաշինյանը։