Երևան-Արմավիր մայրուղին փակ է․ բնակիչները պահանջում են լուծել ջրի խնդիրը

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 20, 24News

ճամփա

Արմավիրի մարզում լարված իրավիճակ է։ Երևան-Արմավիր ավտոճանապարհին Զվարթնոց թաղամասի սեփական տների բնակիչները հերթական անգամ փակել են ճանապարհը՝ հայտարարելով, որ մինչև խմելու ջրի խնդիրը չլուծվի, իրենք ճանապարհը չեն բացելու։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

«Ամեն տարվա էս սեզոնին ջրի խնդիրը չի լուծվում։ Խոստանում են, որ գոնե օրական կանոնավոր՝ 8 ժամ ջուր կտան, սակայն ոչ մի օգուտ։ Տարիներ առաջ հերթական անգամ փակեցինք ճանապարհը, ջուրը տվեցին, իսկ դա կարճ տևեց։ Հիմա ստիպված փակել ենք ճանապարհը՝ վստահ լինելով, որ միայն նման ձևով խնդիրը կլուծվի»,-ըստ աղբյուրի՝ ասել է ցուցարարներից մեկը։

Աղբյուրը նաև նշում է, որ այս պահին ակցիայի մասնակիցների հետ բանակցություն է  վարում ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանը և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի հրամանատար Կարեն Աբելյանը։ 

Բողոքի ակցիայի վայր է եկել նաև ջրմուղի պատասխանատուն, որը բնակիչներին տեղեկացրել է, որ միջոցներ են ձեռնարկվում խնդիրը լուծելու համար։