Ազնավուրի 95-ամյակի կապակցությամբ Փարիզում կկայանան նրա արվեստը նշանավորող միջոցառումներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

Ազնավուր

Մայիսի 22-ին լրանում է «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր, լեգենդար արտիստ Շառլ Ազնավուրի 95-ամյակը։ 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին «Ազնավուր» հիմնադրամից, մեծանուն արտիստի ծննդյան տարեդարձին ընդառաջև ամբողջ տարվա ընթացքում  աշխարհի տարբեր անկյուններում նրա արվեստը նշանավորողմիջոցառումներ են կազմակերպվում՝ ցուցահանդեսներ, համերգներ, հուշարձաններիբացում, հանրային վայրերի, հաստատությունների անվանակոչություն։

Մեծ արտիստի 95-ամյակի առթիվ Փարիզի քաղաքապետարանը, համագործակցելով «Ազնավուր» հիմնադրամի հետ, Ազնավուրի  ծննդյան օրվա նախօրեին՝ մայիսի 21-ին, Ֆրանսիայի մայրաքաղաքում կազմակերպում է հետևյալ միջոցառումները։

Հուշատախտակի բացում

Մայիսի 21-ին՝ Փարիզի  ժամանակով 11:15-ին, Ազնավուր ընտանիքի փարիզյան առաջին բնակարանի հասցեում կբացվի հուշատախտակ՝ Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոյի, քաղաքային իշխանությունների, նշանավոր անձանց և, իհարկե, Ազնավուր ընտանիքի անդամների ներկայությամբ։

Հուշատախտակը կտեղադրվի Փարիզի 6-րդ շրջանի Մսյո լը Պրենս 36 հասցեում, որտեղ Փարիզ ժամանելուց հետո բնակություն է հաստատել Ազնավուրյանների ընտանիքը, և որտեղ անցել է Շառլ Ազնավուրի մանկությունը։

Համերգ Փարիզի քաղաքապետարանի մերձակա հրապարակում

Տոնակատարությունը համերգային ձևաչափով կշարունակվի Փարիզի քաղաքապետարանին հարող հրապարակում, որտեղ Փարիզի ժամանակով ժամը 17:00-ից կսկսվի համերգ՝ նվիրված Ազնավուրի տարեդարձին։

Համերգին ելույթներով հանդես կգան Փարիզի քաղաքային երգչախումբը, Անդրե Մանուկյանը, Ժոանա Մենդիլը, Եսայի Ալթունյանը, Ազնավուրին նվագակցած դաշնակահար Էրիկ Բերշոն և այլ երաժիշտներ։

«Ազնավուր» հիմնադրամը ստեղծվել է Շառլ Ազնավուրի և նրա որդու՝ Նիկոլա Ազնավուրի կողմից՝ նպատակ ունենալով զարգացման ծրագրեր իրագործել մշակույթի, կրթության և բարեկեցության ապահովման ոլորտներում։ Հիմնադրամի առաքելության կարևորագույն նպատակներից է նաև մեծ արտիստի մշակութային ու մարդասիրական ժառանգության պահպանումն ու հարատևման ապահովումը։