«Բարգավաճ Հայաստան»-ը «Լուսավոր Հայաստան»-ի ստորագրահավաքին մասնակցելու որոշում չունի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

1

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը որոշում չունի «Լուսավոր Հայաստանի» նախաձեռնած ստորագրահավաքին մասնակցելու վերաբերյալ, այս մասին հայտնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։

Նրա խոսքով, խմբակցությունում այս մասին քննարկում չի եղել, բայց իրենք հստակ դիրքորոշում ունեն մասնակցելու մայիսի 24-ին կայանալիք՝ անցումային արդարադատության թեմայով խորհրդարանական լսումներին։

«Մենք հաստատ մասնակցելու ենք մայիսի 24-ին կայանալիք անցումային արդարադատության թեմայով խորհրդարանական լսումներին։ Մեր բոլոր դիրքորոշումները կհայտնենք։ Մեզ համար անհասկանալի է այդ երկու օրվա տարբերությունը», - ասաց Աբովյանը։

Նշենք, որ «Լուսավոր Հայաստանն» այսօր ստորագրահավաք էր նախաձեռնել ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու համար։ Որպես արտահերթ նիստի օրակարգային հարց ընդդիմադիր խմբակցությունն առաջարկում էր դատական ոլորտում այսօր տեղի ունեցածը և դրա վերաբերյալ վարչապետի հայտարարությունը։

«Իմ քայլը» հայտարարել է, որ չի միանա ստորագրահավաքին։ 

Նշենք, որ պատգամավորների նախաձեռնությամբ ԱԺ արտահերթ նիստ կարող է գումարվել, եթե հավաքվի 33 ստորագրություն։