Աղետների ռիսկի գիտակցումը պետք է լինի զարգացման ծրագրերի հիմքում․ Ցոլակյանը՝ Ասակո Օկային

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

1

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը Շվեյցարիայի Ժնև քաղաքում ընթացող «Աղետների ռիսկի նվազեցման գլոբալ պլատֆորմ» վեցերորդ համաժողովի շրջանակներում հանդիպել է ՄԱԿ֊ի Զարգացման Ծրագրերի գրասենյակի (ՄԱԶԾ) Ճգնաժամային բյուրոյի տնօրեն Ասակո Օկայի հետ։

Հանդիպման նպատակն էր ներկայացնել ԱՌՆ ոլորտում ՀՀ Կառավարության և ՄԱԿ֊ի Զարգացման Ծրագրերի գրասենյակի երկարամյա արդյունավետ համագործակցության արդյունքները և վերահաստատել հետագա գործունեության ուղղությունները։

ԱԻ նախարարը, ողջունելով հյուրին, բարձր է գնահատել ՄԱԿ֊ի զարգացման գրասենյակի աջակցությունը ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման և տեխնիկական աջակցության տրամադրման ոլորտում: 

Նախարարն իր գոհունակությունն է հայտնել 2018 թ. Հայաստանում իրականացված աղետների ռիսկի նվազեցման Կենտրոնական Ասիայի և Կենտրոնական Կովկասի Տարածաշրջանային պլատֆորմի կազմակերպման գործում գրասենյակի զգալի ներդրման կապակցությամբ։ 

Առաջիկա անելիքների թվում նախարար Ֆ. Ցոլակյանը ներկայացրել է Հայաստանում հետաղետային գնահատման գործիքների, վերականգնման մոտեցումների և մեթոդաբանության արդիականացման, աղետների կորուստի շտեմարանի էլեկտրոնային համակարգի գործիքակազմի տեղայնացման անհրաժեշտությունը՝ պատրաստակամություն հայտնելով լավագույն փորձի փոխանակման և ազգային մակարդակում լուծումների հետագա կիրառման համար հյուրընկալել տարածաշրջանային ֆորում:

Ֆելիքս Ցոլակյանը հրավիրել է Ասակո Օկային այցելել Հայաստան և հանդես գալ բացման պաշտոնական արարողության ժամանակ։

Ասակո Օկայը, համաձայնություն հայտնելով ԱԻ նախարարի դիտարկումներին, հաստատել է ՄԱԶԾ աջակցությունը Հայաստանի կառավարությանը հետագա ծրագրերում, ինչպես կարողությունների զարգացման, այնպես էլ՝ այլ գործընկեր երկրների հետ համագործակցության հաստատման և խորացման ուղղությամբ։ Ճգնաժամային Բյուրոյի տնօրենի հարցին, թե ինչպիսի ուղերձ կհղեր նախարարը Պլատֆորմի ամբիոնից, նախարար Ցոլակյանը նշել է կառավարության ակտիվ ներգրավվածության կարևորությունն աղետների ռիսկի նվազեցման ոլորտում։ 

«Միայնակ որևէ պետական կառույց չի կարող հաղթահարել բոլոր մարտահրավերները, երկրի կյանքին մասնակից յուրաքանչյուր կողմ պիտի հստակ գիտակցի իր պարտավորությունները, և աղետների ռիսկի գիտակցումը պետք է ընկած լինի զարգացման բոլոր ծրագրերի հիմքում», - ընդգծել է նախարարը։