Ադրբեջանի կողմից Մխիթարյանի նկատմամբ քայլը ՀՀ ԱԳՆ-ն համարում է ռասիզմի նոր դրսևորում

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 21, 24News

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Ադրբեջանի կողմից Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին Բաքվում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակչին մասնակցելու համար անվտանգության բավարար երաշխիքներ չտալն ու ենթադրյալ հայկական ծագում ունեցող երկրպագուների մուտքն Ադրբեջան արգելելը ռասիզմի նոր դրսևորում է համարում:

Այս մասին մայիսի 21-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Եթե ադրբեջանական կողմից համապատասխան անվտանգության երաշխիքներ տրվեին, որոնք կբավարարեին և՛ Հենրիխ Մխիթարյանին, և՛ իր թիմին, ապա արտաքին գործերի նախարարությունը որևէ առարկություն չունի Հենրիխ Մխիթարյանի մասնակցությանը Բաքվում կայանալիք խաղին»,- ասաց Նաղդալյանը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից ենթադրյալ հայկական ծագում ունեցող երկրպագուների մուտքն իրենց երկիր արգելելուն, Աննա Նաղդալյանը նշեց, որ այդ հարցը Հայաստանի կողմից բարձրացվելու է միջազգային գործընկերների առջև:

«Մենք կողջունեինք, եթե ադրբեջանական կողմը հավատարիմ լիներ այն սկզբունքին, որ սպորտը վեր է քաղաքականությունից: Առավել ևս, սպորտում ռասիզմի և այլատյացության դրսևորումները որևէ տեղ չպետք է ունենան: Այս առումով Ադրբեջանի կողմից նման երաշխիքների չտրամադրումն ու ենթադրյալ հայկական ծագում ունեցող երկրպագուների մուտքի արգելքը ոչ այլ ինչ է, քան ռասիստական նոր դրսևորում, և դա կասկածի տակ է դնում Ադրբեջանում նման կարգի միջազգային միջոցառումների անցկացումը: Այս խաղով Ադրբեջանը հնարավորություն ուներ ցույց տալու, թե որքան է իրապես պատրաստ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելուն, սակայն մենք ոչ միայն չտեսանք որևէ ներդրում այս ուղղությամբ, այլ նաև ականատես եղանք ռասիստական նոր դրսևորումների: Բնականաբար մեր կողմից այս հանգամանքը բարձրաձայնվելու է մեր միջազգային գործընկերների առջև»,- նշեց խոսնակը:    

Տեսանյութեր

Live

Լրահոս